Մատչելիության հղումներ

Խոզնավարում աճում են միայն խանութպանի պարտքացուցակները


Ձմռան ամիսներին Սյունիքի մարզի Խոզնավար գյուղ գնալուց առաջ պետք է համոզված լինես, որ ձյուն չի գալու։ Հակառակ դեպքում գյուղ մտնելն ու գյուղից դուրս գալն անհնար է դառնում։ Երևանից 260, իսկ մարզկենտրոն Գորիսից 20 կիլոմետր հեռու գյուղի կյանքը ձյան գալուն պես կանգնում է։

Վերջին անգամ 1990 թվականին վերանորոգված ճանապարհն անգամ առանց ձյան է դժվարանցանելի։ Գյուղից քաղաք հասարակական տրանսպորտ չկա։ Տաքսիներն էլ քարուքանդ ճանապարհի պատճառով կրկնակի թանկ են դառնում:

«Ասենք՝ վերիշենցին առանց գումար ծախսելու մտնումա Գորիս՝ շրջկենտրոն։ Բայց խոզնավարցու գրպանում ամենաքիչը պիտի լինի 10,000 դրամ, որ մտնի Գորիս», ֊ պատմում է գյուղացիներից մեկը։

Պաշտոնական տվյալներով մոտ 400 բնակիչ ունեցող գյուղում մի քանի տարի է գազի խողովակներ են տեղադրված։ Սակայն պահանջվող նվազագույն 15 բաժանորդը չի ճարվում, որպեսզի կապույտ վառելիքը մարդկանց տները մտնի: Ասում են՝ թանկ է, հարկավոր չէ։

Խոզնավարցիները խորհրդային միության փլուզումից հետո գյուղում միայն հետընթաց են տեսնում, դժգոհ են նաև 2016 թվականին ևս 7 համայնքների հետ միավորումից: Այդ ժամանակվանից նվազող թվերի շարքում հայտնվեց անգամ գյուղի տոնածառի բարձրությունը։ Եթե մինչ այդ 4 մետր է, խոշորացումից հետո դարձել է մի փոքրիկ եղևնու ճյուղ։

«Հիմա չկա, լրիվ վերացավ», ֊ դժգոհում է գյուղի տարեցներից մեկը՝ հիշելով, թե ինչ ճոխությամբ էին նախկինում նշում ամանորը։

Ինչպես տոներին, այնպես էլ սովորական օրերին գյուղացիները սնունդն ու առաջին անհրաժեշտության պարագաները հաճախ պարտքով են գնում։ Միակ խանութի տերը՝ Վահանը 15 տարի այդ գործին է, նույն փոքր խանութով, նույն պարտքացուցակով։ Խոզնավարում աճում են միայն Վահանի պարտքացուցակի թվերը։

«Ժողովրդից հեչ չի ստացվում, որ ավել գումար վերցնես, որովհետև չունեն որ վերցնես», ֊ ասում է նա։

Վահանը նաև կաթ է մթերում և դրա դիմաց խանութից սնունդ տալիս գյուղացիներին։ Եվ եթե կաթ չլինի, որոշ ընտանիքներ չեն կարող սնունդ գնել։

Սոցիալական դժվարություններով հանդերձ Խոզնավարցիներն իրենց համարում են Հայաստանի ամենահյուրասեր գյուղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG