Մատչելիության հղումներ

«2018-ին ՊԵԿ-ի ոչ մի ստորաբաժանում ընկերությունում ստուգում չի իրականացրել». «Նաիրի Ինշուրանս»-ը հերքում է ՊԵԿ պաշտոնյայի պնդումը


ՊԵԿ-ի շենքը Երևանում
ՊԵԿ-ի շենքը Երևանում

2018-ին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ոչ մի ստորաբաժանման կողմից ընկերությունում ստուգում չի իրականացվել։ Այդ մասին հայտարարել է «Նաիրի Ինշուրանս»-ը՝ արձագանքելով ՊԵԿ Քննչական վարչության պետ Էդվարդ Հովհաննիսյանի՝ «Ազատության» հետ զրույցում արած այն հայտարարությանը, թե «ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացրել 2018 թվականին, ընկերությունում էլ այդ մասին տեղյակ են եղել»:

«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ընկերությունը տեղյակ չէ, ապա դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ ընկերության ներկայացուցիչները քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են, մասնակցել են այլ դատավարական գործողությունների, մի խոսքով՝ ընկերությունը քաջ տեղյակ է ընթացող գործողություններից», - «Ազատության» հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը։

«Նաիրի Ինշուրանս»-ն այսօր տարածած պարզաբանման մեջ պնդում է․ - «Վերոնշյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ 2018-ին ՊԵԿ ոչ մի ստորաբաժանման կողմից ընկերության մոտ ստուգում չի իրականացվել: ՊԵԿ կողմից վերջին ստուգումն ընկերության մոտ իրականացվել է 2016 թ. մայիսի 20-ից դեկտեմբերի 21 ընկած ժամանակահատվածում, որի արդյունքում խնդրո առարկային վերաբերվող որևէ խախտում չի արձանագրվել»:

Ելնելով հասարակությանը ստույգ տեղեկատվության մատուցման կարևորությունից, ընկերությունը «հորդորում է պետական մարմնի ներկայացուցիչներին՝ լրատվամիջոցներին ներկայացնել բացառապես իրականությանը համապատասխանող տեղեկատվություն, խուսափելու համար սխալ տեղեկատվության հետագա տարընկալումներից և այլ բացասական հետևանքներից»:

Նշենք, որ ՊԵԿ-ն օրերս հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում մոտ 200 միլիոն դրամի հարկերը չվճարելու դեպք է հայտնաբերվել: Խոսքը 2016-17 թվականների մասին է, ՊԵԿ-ի հայտարարության համաձայն՝ ապահովագրական պայմանագրերը «Նաիրի Ինշուրանս»-ը արհեստականորեն կնքել է միջնորդների միջոցով: Այդ միջնորդները, սակայն, առնչություն են ունեցել ապահովագրական ընկերության հետ և իրականում որևէ ծառայություն չեն մատուցել, սակայն նրանց հաշվին խոշոր գումարներ են դուրս գրվել, այդ գումարները ընկերությունը ներկայացրել է իբրև ծախս և հարկ չի վճարել:

«Նաիրի Ինշուրանս»-ն ի պատասխան հայտարարություն է տարածել, որ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել են մամուլից, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել իրենց՝ ստուգումներ իրականացնելու նպատակով, և անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում:

Ընկերությունը Պետեկամուտների կոմիտեին մեղադրում է իրենց գործարար համբավն ու հեղինակությունը «արատավորելու» համար և զգուշացնում, որ «ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն՝ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG