2019 թվականի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում է լինելու պետական սահմանի պահպանությանը, ղեկավարման համակարգի հետագա զարգացմանը, շտաբների պատրաստությանը և փոխգործակցության մակարդակի բարձրացմանը, անձնակազմի հետ տարվող աշխատանքներին, սպառազինությանն ու թիկունքային ապահովմանն առնչվող խնդիրների համալիրը: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը երեկ ՊԲ ռազմական խորհրդի նիստի ժամանակ:
ՊԲ 2018 թվականի ուսումնական տարվա մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբների պատրաստության, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման, զորքերի ծառայության և ինժեներական աշխատանքների վիճակի մասին համապարփակ ելույթով, հանդես է եկել բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանը:
Այնուհետև ըստ ուղղությունների և առանձին ոլորտների վերլուծական ելույթներ են ունեցել բանակի հրամանատարի տեղակալները: Բանախոսներն ընդգծել են, որ չնայած ակնհայտ են դրական զարգացումներն ու արձանագրված հաջողությունները, սակայն առկա են նաև մի շարք ոլորտներ, որոնք պահանջում են առավել համակարգված ու հետևողական աշխատանքներ:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, բավարար գնահատելով 2018-ի ընթացքում արձանագրված հիմնական ցուցանիշները, հավաստիացրել է, որ պետությունը այսուհետ ևս կշարունակի իր հետևողական ուշադրության կենտրոնում պահել ՊԲ մարտական հնարավորությունների կատարելագործմանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովվածությանը վերաբերող հարցերը:
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ հունվարի 21-24-ը Պաշտպանության բանակում անցկացվել են հրամանատարական հավաքներ, որոնցում ներգրավվել են կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերի, ինչպես նաև միավորումների ենթակա զորամասերի գումարտակ և դիվիզիոն օղակի սպայակազմի ներկայացուցիչները: