Մատչելիության հղումներ

Ավարտվել է Փաշինյանի այցը Շվեյցարիա


Փաշինյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն ավարտվել է:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության՝ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

Այսօր վարչապետը համաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի, Սլովակիայի, Իսպանիայի, Վրաստանի վարչապետների և Բելգիայի թագավորի հետ:

Վարչապետը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ քննարկել հայ-լիտվական քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այդ թվում` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում:

Դալյա Գրիբաուսկայտեն ողջունել է վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության քայլերը` միտված ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը և հայտնել իր երկրի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում:

Փաշինյանը հանդիպել է նաև Սլովակիայի կառավարության ղեկավար Պետեր Պելեգրինիի հետ։ Հանդիպմանը կողմերը կարևորել են երկու երկրների կառավարությունների փոխգործակցության ակտիվացումը` առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով:

Պետեր Պելեգրինին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան, ինչը ևս կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանը: Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցը գտնվում է Սլովակիայի խորհրդարանի օրակարգում և այդ գործընթացն ավարտին կհասցվի մոտ ապագայում:

Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի, Իսպանիայի և Վրաստանի վարչապետներ` Պեդրո Սանչեսի ու Մամուկա Բախտաձեի հետ:

Ավելի վաղ Փաշինյանը Շվեյցարիա այցի ընթացքում չպլանավորված հանդիպում էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG