Մատչելիության հղումներ

Պարգևավճար ստացողների ցանկը չհրապարակելը Սահմանադրության խախտում է․ Տիգրան Եգորյան


Պետական կառույցների աշխատակիցների ստացած պարգևավճարները անձնական տվյալներ են, բայց ենթակա են հրապարակման, հայտարարում է փաստաբան Տիգրան Եգորյանը՝ հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշմանը:

«Տվյալ պարագայում հանրային շահը գերակշռում է մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, քանի որ խոսքը վերաբերում է հանրային պաշտոններ զբաղեցնող, հանրային իշխանություն իրականացնող անձանց, որոնք ստանում են աշխատավարձեր և պարգևավճարներ հանրային միջոցներից», - ասաց Եգորյանը։

Երևանի քաղաքապետարանն անցած տարեվերջից ընդդիմանում է ավագանու «Լույս» խմբակցության պահանջին և չի հրապարակում պարգևավճար ստացածների ցանկը: Հիմնավորումն այն է, որ անձնական տվյալներ են և առանց աշխատակիցների թույլտվության իրավունք չունի տրամադրել 3-րդ անձին: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում արդեն հայտնել է, որ սա քաղաքապետարանի վերջնական դիրքորոշումն է: Իսկ ո՞ւր մնացին Սահմանադրությունն ու հանրային շահը, հակադարձում է Տիգրան Եգորյանը:

«Այդ բոլոր միջոցները հանրային միջոցներ են։ Ժողովուրդը պետք է ունենա հնարավորություն քննության առնելու, խոշորացույցի տակ զննելու բոլոր իր միջոցների ծախսերը և դրանց համաչափությունը։ Սահմանադրության 42-րդ հոդվածով է սահմանված խոսքի ազատության իրավունքը, որի բաղադրիչը տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքն է», - նշեց Եգորյանը։

Այդ ցանկն առայժմ հրապարակել են միայն մարզպետարանները։ «Լույս» խմբակցությունը չի նահանջում, պահանջը տեղափոխում է իրավական հարթություն: Հայցն են պատրաստում, որ դատարանով ստիպեն ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն ստացած Հայկ Մարությանին հաշվետու լինել հանրությանը:

«Եթե դատարանը հաշվի առնի իմ կողմից նշած իրավունքը, և այդ իրավունքի կապակցությամբ Եվրոպական դատարանի պրակտիկան, այդ թվում նաև իմ կողմից նշած Տաշաշակն ընդդեմ Հունգարիայի գործը, ապա անհնար է, որպեսզի այդ հայցը չբավարարվի», - ընդգծեց փաստաբանը։

Հարկատուների հաշվին շռայլ պարգևավճարների թեման չի հանդարտվում: Լրատվամիջոցներն ու համացանցը փոթորկում են նոր տեղեկությունները՝ միլիոնների հասնող պարգևավճարների մասին: Մինչ այս պահը հրապարակված պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններով պետական կառույցներում ամենաբարձր պարգևավճարները Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներն են ստացել: ՊԵԿ նախագահը հերքում է, բայց հրաժարվում է իրական տվյալները հրապարակել:

«Այս տեղեկատվությունը պետական բոլոր մարմինները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հասանելի դարձնեն հանրությանը», - նշեց Եգորյանը։

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում չի բացառել, որ աշխատավարձի 150 տոկոսը և ավելին գերազանցող պարգևավճարներ ստացողներ կան քաղաքապետարանում: Իսկ Հայկ Մարությանի կարգադրությամբ քաղաքապետարանի և համայնքապետարանների շուրջ 2 հազար աշխատակցին հատկացված պարգևավճարը կազմել է մեկ միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG