Մատչելիության հղումներ

Չեմ բացառում, որ եղել են 150 տոկոս պարգևավճար ստացողներ․ Երևանի փոխքաղաքապետ


Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը դատական հայց է պատրաստում ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեության: «Լույսը» պնդում է՝ քաղաքային իշխանությունը պետք է հրապարակի քաղաքապետարանի և համայնքապետարանների պարգևավճար ստացած երկու հազար աշխատակցի անունները: Հարկատուների հաշվին 974 հազար դոլար պարգևավճարից՝ ով որքան է ստացել և ինչ սկզբունքով:

«Մենք սպասում ենք քաղաքապետարանի արձագանքին արդեն Արդարադատության նախարարության գրության հիմքով, զուգահեռ նախապատրաստում ենք դատական հայցը, որովհետև այն հստակ է, այն չի կարող լինել գաղտնիք», - նշեց «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը փոխանցում է քաղաքապետարանի վերջնական դիրքորոշումը. - «Մենք հրապարակել չենք կարող, որովհետև ինչպես մեր դիրքորոշումն էր, այնպես էլ հաստատվել է Արդարադատության նախարարության կողմից, որ այդ տվյալները անհատական տվյալներ են և հրապարակվել չեն կարող, եթե չկա անձի համաձայնությունը»։

Արդարադատության նախարարության խորհրդատվության մեջ նշված է նաև, որ կարող է հրապարակվել բացառությամբ օրենքով նախատեսված այլ դեպքերում։ Օրենքով նախատեսված այլ դեպքը, ըստ Խաժակյանի, կարգավորվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենով և պետք է հրապարակվի։

«Իմպերատիվ պահանջ է Երևանի ՏԻՄ օրենքով, որը պատասխանում է նաև աշխատանքային օրենսգրքի այդ հոդվածին, որով դա անձնական տվյալ է, բայց հրապարակման ենթակա։ Բազմաթիվ դրույթներում մենք ունենք անձնական տվյալներ, օրինակ պետական պաշտոնյաների դեպքում, որոնք հրապարակում են իրենց հայտարարագրերը, որոնք ևս անձնական տվյալներ են», - ընդգծեց Խաժակյանը։

Հայկ Սարգսյանն էլ այդ դրույթը մեկնաբանում է իրենց օգտին՝ բացառությունը չի վերաբերում քաղաքապետի կարգադրությանը՝ հավելվածում պարգևավճար ստացողների անունները զետեղելուն:

«Ես կարծում եմ ողջամիտ չի լինի այսքանից հետո քաղաքապետի գործողությունները դատարանում վիճարկել, չնայած դա ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է։ Եթե Դավիթ Խաժակյանը կգերադասի գնալ այս ճանապարհով, խնդրեմ ճանապարհն իրենն է, որոշումն իրենն է», - ասաց Սարգսյանը։

Պարգևավճարի հասցեատերերի իրական անունները թաքցնելու պատճառն, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, այլ է։ - «Ես պետք է մարդկանց ասեմ, որ այստեղ կան թվեր, որոնք գերազանցում են 200 տոկոսը, 250 տոկոսը և քաղաքապետը դա է, որ թաքցնում է», - նշեց Խաժակյանը։

Հայկ Սարգսյանը չի թաքցնում՝ մեկ աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճար ստացողներ էլ են եղել. - «Ես չեմ բացառում, որ, այո, կարող են լինել նաև 150 տոկոս ստացած մարդիկ, բայց ով ասաց, որ 100-ից ավել չի կարող ստանալ։ Խնդիրը ուրիշ տեղ է, եթե մենք խոսում ենք աշխատավարձի ֆոնդի վերաբաշխման մասին, որպես պարգևատրում, ապա, այո՝ այստեղ 100 տոկոսը չի կարող անցնել։ Եթե մենք խոսում ենք հստակ պլանավորված պարգևատրման ֆոնդի մասին և դրա վերաբաշխման՝ պարգևատրման ֆոնդը կարող էր նախատեսված լինել 500 տոկոսի և 500 տոկոս էլ բաշխվեր»:

Քաղաքապետարանում միայն Հայկ Մարությանը չի պարգևատրվել: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ստացել է, բայց հրաժարվում է գումարի չափը հրապարակել, մինչդեռ պաշտոնը հայեցողական է, և օրենքի պահանջով հայտարարագրելու է իր եկամուտները: Այդ դեպքում ինչի՞ց է խուսափում:

«Այս պահին ես պատրաստ չեմ էդ հայտարարությանը, որովհետև, նորից եմ ասում, ինձ համար շատ ավելի կարևոր է իմ գործընկերների հետաքրքրությունների, շահերի և սոլիդարության պահպանումը, քան իմ եկամուտները։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ էն պարգևավճարը, որ ես էստեղ ստացել եմ, անգամներ ավելի ցածր է, քան նախկինում իմ եկամուտներն են, որից ես հրաժարվել և եկել եմ էստեղ», - ասաց փոխքաղաքապետը։

Եթե պարգևավճարների հրապարակումը անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտում է, այդ դեպքում պատժվելո՞ւ են մարզպետները, որոնք պաշտոնական կայքերում հրապարակել են մարզպետարանի պարգևավճար ստացած աշխատակիցների անունները՝ այդ թվում իրենց, անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գևորգ Հայրապետյանը չի ցանկանում մեկնաբանել: Ասում է՝ մարզպետների գործողությունների իրավաչափությունը քննության առարկա կդառնա, եթե այս հարցով որևէ մեկը դիմի գործակալություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG