Մատչելիության հղումներ

«Հիմա պետք է կարողանանք քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխություն դարձնել»․ Փաշինյան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում, հունվար, 2019թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում, հունվար, 2019թ․

«Ամենակարևոր բարեփոխումները կապված են տնտեսության հետ, մենք հիմա պետք է կարողանանք մեր քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխություն դարձնել», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ «Դուք իշխանության եկաք խոստանալով բարեփոխումներ Հայաստանում, որո՞նք են ամենահրատապ բարեփոխումները»:

«Եվ դրա համար մենք պատրաստվում ենք կարգավորումների, պարզեցումների միջոցով ցանկացած մեծ բիզնեսի գործունեությունը հեշտացնել Հայաստանում», - շարունակել է Փաշինյանը:

«Հաջորդը Հարկային օրենսգրքի բարեփոխումն է: Մենք պատրաստվում ենք նվազեցնել եկամտահարկի և շահութահարկի չափաբաժինները, որպեսզի բիզնես և ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դառնա օտարերկրյա ներդրումների համար: Երրորդը մարդկանց խրախուսելն ու ոգևորել է, որպեսզի նրանք ևս մի բան անեն՝ աղքատությունը հաղթահարելու համար: Մենք պատրաստվում ենք տնտեսությունում մի նոր հատված զարգացնել, գիտեք՝ կա փոքր և միջին բիզնես, մենք ուզում ենք օրենքով ամրագրել նաև միկրոբիզնեսի գաղափարը և այն ազատել ցանկացած հարկից: Այսպես մենք մեր ժողովրդին բիզնես գործունեություն սկսելու հարցում կխրախուսենք, որպեսզի նրանք էլ կառավարության հետ միասին կարողանան հաղթահարել աղքատությունը, որը Հայաստանի ամենամեծ խնդիրն է», - ասել է վարչապետը:

«Աշխարհաքաղաքականության մասի՞ն ինչ կասեք, ի՞նչ ծրագրեր ունեք 2019 թվականի համար», - այս հարցին Փաշինյանն արձագանքել է․ - «Եթե անկեղծ լինեմ, ես աշխահաքաղաքական ծրագրեր չունեմ, ես արդեն հայտարարել եմ, որ Հայաստանը արտաքին քաղաքական շրջադարձեր չի անելու: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, սա շատ կարևոր է Հայաստանի տնտեսության համար, քանի որ մեծ շուկա է հայաստանյան բիզնեսի համար: Բայց մենք նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր ենք ստորագրել Եվրամիության հետ, որը նույնպես կյանքի ենք կոչելու: Այս համաձայնագիրը սոցիալական և քաղաքական բարեփոխումներ իրականացնելու մասին է: Այս համաձայնագրի և Եվրամիության հետ համագործակցության օգնությամբ մենք կհզորացնենք հայկական ժողովրդավարության ինստիտուտները»:

«Հայաստանի քաղաքացիները ոգևորված են երկրում տեղի ունեցած դեմոկրատական հեղափոխությամբ, բայց մենք պետք է կարողանանք նաև ուժեղացնել մեր ժողովրդավարական ինստիտուտները, և մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը այս հարցում», - ընդգծել է վարչապետը:

Հարցին էլ՝ «ինչքանո՞վ է կարևոր ձեզ համար Հայաստանի և Եվրամիության միջև կնքված պայմանագիրը», Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ - «Արդեն ասացի, որ այն շատ կարևոր գործիք է մեր բարեփոխումների օրակարգը իրականություն դարձնելու համար, քանի որ մենք ինստիտուցիոնալ աջակցության կարիք ունենք սոցիակալան և քաղաքական կյանքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG