Մատչելիության հղումներ

«Հայաստանը և Վրաստանը կարող են դառնալ ժողովրդավարության մոդել տարածաշրջանի համար»


Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ, ապրիլ, 2018թ․
Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ, ապրիլ, 2018թ․

«Հայաստանը և Վրաստանը կարող են դառնալ ժողովրդավարության մոդել ողջ տարածաշրջանի համար», - ամերիկյան National Interest պարբերականում գրել են Կովկասի հարցերով զբաղվող երեք հեղինակավոր դիվանագետներ՝ Հայաստանում և Վրաստանում Եվրամիության նախկին դեսպան Դենիս Քորբոյը, Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուլյամ Քորթնեյը և Քենեթ Յալովիցը, ով ևս տարիներ առաջ եղել է Նահանգների դեսպանը Վրաստանում, ավելի վաղ՝ Բելառուսում:

«Հայաստանում ու Վրաստանում ժողովրդավարության լույս է առկայծում՝ չնայած երկուսն էլ գտնվում են ոչ ժողովրդավար ուժերի՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հարևանությամբ», - գրում են դիվանագետները՝ մանրամասնելով․ - «Երկու երկրներն էլ փորձում են ամրապնդել ժողովրդավարական կարգերն ու հաղթահարել աղքատությունը՝ դիմանալով Ռուսաստանի ճնշող մարտահրավերներին»:

Ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումները National Interest ամսագրում, որի հոդվածները պարբերաբար արտատպում են The New York Times-ը, Financial Times-ն ու հեղինակավոր այլ պարբերականներ, դիվանագետներն ընդգծում են․ - «Հայաստանն ու Վրաստանը մեծ աշխատանք են արել՝ խորացնելու բարեփոխումները, որոնք կամրապնդեն նրանց ժողովրդավարությունն ու կբարելավեն կենսամակարդակը, և այս ճանապարհին արժանի են Արևմուտքի շարունակական ու հզոր աջակցությանը»:

«Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունը և Վրաստանում շարունակվող առաջընթացը գալիս են հակազդելու տարածված տեսակետին, թե աշխարհով մեկ ժողովրդավարությունը նահանջում է», - գրում են տարածաշրջանի խնդիրներին ու քաղաքականությանը քաջատեղյակ դիվանագետները՝ մանրամասնելով․ - «Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նորընտիր կառավարությունը մեծ աջակցություն ունեն և թվում է՝ հաստատակամ են պայքարել կոռուպցիայի դեմ, ամրապնդել թափանցիկությունն ու վերականգնել հասարակության հավատը կառավարության հանդեպ»:

Փաստելով, որ անցած տարվա հեղափոխությունից հետո Հայաստանը Economist վերլուծական կենտրոնի տարեկան՝ ժողովրդավարության ինդեքսում ամենամեծ առաջընթացն է արձանագրել Արևելյան Եվրոպայի անցումային երկրների շարքում, դիվանագետները նշում են․ - «Առայժմ Մոսկվան չի միջամտել՝ խոչընդոտելու Հայաստանի ժողովրդավարական վերելքը: Փաշինյանն էլ ուշադիր էր՝ ընդգծելու, որ Ռուսաստանի հետ գործընկերային կապերը մնում են ամուր, և որ իր երկրի տնտեսական ուղղվածությունը Ռուսաստանի առաջնորդած Եվրասիական տնտեսական միության կողմն է»:

Մոսկվայից հնչող հայտարարությունների ենթատեքստում, այդուամենայնիվ, փորձառու դիվանագետները որոշակի անհանգստություն արձանագրել են: «Կրեմլը իր մտահոգությունը հայտնեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված քրեական հետապնդման հարցով», - գրում են դեսպանները, հավելելով՝ Մոսկվան չի ուզում, որ Հայաստանը շարժվի Վրաստանի արևմտամետ արտաքին քաղաքականության ուղղությամբ:

«Ու որքան էլ այժմ միջազգային համայնքի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում ռուսական ագրեսիայի վրա, Արևմուտքը չպետք է անտեսի կովկասյան այս երկու պետություններում արձանագրվող դրական զարգացումները և պետք է աջակցի դրանց», - հորդորում են դիվանագետները, հատուկ ընդգծելով՝ այժմ Հարավային Կովկասի կարևորությունը՝ որպես Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Եվրասիայի միջև ընկած ռազմավարական միջանցք, գնալով աճում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG