Հայաստանը կարող է լինել լավագույն վայրը երկխոսության համար: Այս մասին ասել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոն այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Նա հայտնել է, որ մտադրություն ունեն Պագուոշի հերթական համաժողովն անցկացնել Երևանում այս տարվա նոյեմբերին:
Պագուոշի համաժողովը միջազգային ազդեցիկ հարթակ է, որը միավորում է գիտնականների, քաղաքական ու հասարակական գործիչների՝ հանուն զինված հակամարտությունների վտանգի նվազեցման, համաշխարհային անվտանգության սպառնալիքների դեմ լուծումների որոնման նպատակով: Պագուոշի համաժողովները և դրա համահիմնադիր Ժոզեֆ Ռոթբլաթը 1995 թվականին արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ քաջատեղյակ է աշխարհում ազդեցիկ գիտնականների, քաղաքական և հանրային գործիչների մասնակցությամբ Պագուոշի համաժողովների հիմքում ընկած գաղափարներին, նպատակներին և բարձր է գնահատում այն ջանքերը, որ նրանք ներդնում են ավելի անվտանգ, ապահով ու զանգվածային ոչնչացման զենքերից զերծ աշխարհ ունենալու ուղղությամբ:
Ողջունելով համաժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարը՝ նախագահը նշել է, որ այս տարվա ընթացքում երկրում նախատեսվում են ևս մի քանի միջազգային ազդեցիկ համաժողովներ: Շատ էական համարելով, երբ մեկ տեղում են հավաքվում քաղաքականությամբ հետաքրքրված գիտնականները և գիտությամբ հետաքրքրված քաղաքական գործիչները, Արմեն Սարգսյանն ասել է. - «Գիտության և քաղաքականության համադրությունը հատկապես կարևոր է ապագայի տեսանկյունից, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության համատեքստում»:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Պագուոշի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելուն և անցկացնելուն:
Երկու ֆիզիկոսները խոսել են նաև աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին, անդրադարձել գլոբալ ռիսկերին ու մարտահրավերներին, դրանց դիմակայելու և դրանցից խուսափելու հնարավորություններին, ասված է նախագահականի հաղորդագրությունում: