Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Մենք ձախողվելու իրավունք չունենք»


Արխիվ -- Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքը Հանրապետության հրապարակում
Արխիվ -- Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքը Հանրապետության հրապարակում

Ինչպես և ինչու տեղի ունեցավ հայաստանյան հեղափոխությունը, ինչ փոխվեց իշխանափոխությունից հետո և ուր է գնում նոր Հայաստանը. Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում հրապարակված հոդվածում այս հարցերի շուրջ է խոսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս կիրակի առաջին անգամ մասնակցելու է հեղինակավոր այդ միջոցառմանը։

Իր հեղինակած ծավալուն հոդվածում վարչապետն ընդգծում է՝ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները իրենց տեսակով և բնույթով պատմական են:

«Թավշյա հեղափոխությամբ մեր երկրում ժողովրդավարություն հաստատվեց»,- գրում է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ շարժումը միավորել է ոչ միայն հայաստանցիներին, այլ նաև սփյուռքում ապրող հայերին:

«Դա բացարձակ ոչ բռնի, առանց զոհերի հեղափոխություն էր. սերը, եղբայրությունը, հանդուրժողականությունը հայկական ազգային շարժման կարգախոսն էին»,- հիշեցնում է այդ շարժումն առաջնորդած Փաշինյանը:

Միջազգային ամենահեղինակավոր հարթակներից մեկում հրապարակված այդ հոդվածում Հայաստանի առաջնորդը հերթական անգամ հայտարարում է, որ հայաստանյան ներքին փոփոխությունները չեն անդրադարձել երկրի արտաքին քաղաքականության վրա, պաշտոնական Երևանը շարունակում է հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին, ավելին` Փաշինինյանի համոզմամբ՝ ժողովրդավարական Հայաստանը այժմ ավելի մեծ ներդրում կարող է ունենալ ռազմաքաղաքական ու տնտեսական դաշինքներում, որոնց անդամակցում է:

Անգլիալեզու իր հոդվածում Հայաստանի նորընտիր ղեկավարը, խոսելով հայաստանյան համաժողովրդական շարժման դրդապատճառների մասին, գրել է. - «1988 թվականին Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որը խարխլել է կոմունիստական ռեժիմի հիմքերը՝ համազգային ժողովրդական շարժման միջոցով»:

«Երկրորդ՝ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող, սահմանափակ բնական ռեսուրսներով ու բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում գտնվող երկիր է, որը անվտանգության լուրջ մարտահրավերներ ունի»,- թվարկել է Հայաստանի ղեկավարը հավելոլվ նաև նախկին ռեժիմն էլ իր հերթին է երկիրը փակուղի մտցրել: Միակ ելքը ժողովրդավարության հաստատումն էր, իսկ դրան հասնելը, Փաշինյանի խոսքերով, ժամանակ ու մտածողության փոփոխություն էր պահանջում։ - «Առաջին քայլերն արված են»,- փաստում է Հայաստանի առաջնորդը։ - «Ժողովրդի աննախադեպ աջակցությամբ Հայաստանի լեգիտիմ կառավարությունը հաստատեց բարեփոխումների հավակնոտ ծրագիրը՝ կոռուպցիայի դեմ պայքար, մենաշնորհների վերացում, տնտեսական ու քաղաքական հավասար մրցակցության ապահովում, աղքատության հաղթահարում, անկախ դատական համակարգ»։

Խոսելով տնտեսական ոլորտի մասին՝ Հայաստանի կառավարության ղեկավարը հավաստիացնում է՝ բիզնեսի համար ստեղծվել է իրական մրցակցային միջավայր:

Եզրափակելով հոդածը՝ Նիկոլ Փաշինյանը գրում է․ - «Մենք վճռական ենք՝ հասնելու մեր վերջնական նպատակին՝ ունենալ կայուն, ժողովրդավարական և տնտեսապես զարգացող երկիր` հիմնված օրենքի գերակայության և հաշվետու կառավարման սկզբունքների վրա: Մենք ձախողվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք արդարացնել մեր ժողովրդի վստահությունը և պաշտպանել ժողովրդավարությունը»։

Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով կիրակի մեկնելու է Շվեյցարական Դավոս, որտեղ այս տարի քննարկման գլխավոր թեմաներից են լինելու նոր տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում միջազգային համաֆործակցությանը, Եվրամիության տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր:

1971 թվականից անցկացվող և մի քանի օրվա ընթացքում աշխարհի քաղաքական ու տնտեսական ազդեցիկ գործիչներին մեկտեղող դավոսյան համաժողովը համարվում է տնտեսական ու քաղաքական պայմանավորվածությունների կայացման միջազգային կարևոր հարթակներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG