Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ «Բաքուն պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը»


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները Փարիզում, 16-ը հունվարի, 2018թ․
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները Փարիզում, 16-ը հունվարի, 2018թ․

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասել է, թե Բաքուն պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը, ինչպես նաև նրանց տրամադրել ինքնակառավարման բարձր մակարդակ՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում:

Փարիզում հունվարի 16-ին կայացած ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններից հետո «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում Մամեդյարովն ասել է.- «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կապակցությամբ մեր երկրի դիրքորոշումը ամենաբարձր մակարդակով բազմիցս հնչել է: Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմքի վրա՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:

Նա նաև նշել է, որ հակամարտության կարգավորումը Հայաստանի տնտեսական աճի համար հնարավորություն կբացի․- «Հակամարտության կարգավորման առաջընթացը, ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պայմանների ստեղծումը, առաջին հերթին հնարավորություն կբացի հենց Հայաստանի տնտեսական աճի համար»:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Էլմար Մամեդյարովի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակներում՝ Դուշանբեում ու Սանկտ Պետերբուրգում կայացած Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի զրույցները, նաև երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները «որոշակի լավատեսության հիմք են հանդիսանում բանակցային գործընթացի առաջընթացի տեսակետից»: Մամեդյարովն ընդգծել է, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ:

Հունվարի 16-ին Փարիզում հանդիպեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը:
Հանդիպումից հետո համանախագահների հայտարարությունում նշված է, որ քննարկվել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը ու մոտ ապագայում միջնորդները պլանավորում են հանդիպել Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին:

Ընթացող բանակցությունների մասին միջնորդները նշել են՝ արտգործնախարարները համաձայն են, որ կոնկրետ միջոցներ են անհրաժեշտ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու համար:

Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը «Թվիթերում» գրել է.- «Ահա ամենապոզիտիվ հայտարարությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից, որ երկար ժամանակ չէր եղել»:

Միջնորդները իրենց հայտարարությունում նաև կարևոր են համարել փոխշահավետ հնարավոր նախաձեռնությունները՝ տարածաշրջանի տնտեսական ներուժը իրականացնելու համար: Այս առումով, թբիլիսցի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի կարծիքով, քննարկումների հնարավոր թեմաներից մեկը Հայաստանին ելք տալն է՝ օգտվելու համար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից: «Եվրազիանետ»-ի փոխանցմամբ՝ նա ասել է, թե Հայաստանը նոր, մեծ սահմանային անցակետ է կառուցել, որպեսզի հնարավորություն ունենա օգտվել այդ ճանապարհից, բայց դեռ հայտնի չէ, թե արդյոք կթույլատրվի հայկական ապրանքների ելքը այդ երկաթգիծ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG