Մատչելիության հղումներ

Փարիզյան բանակցությունների վերաբերյալ Երևանը և Բաքուն գրեթե նույնն են հաղորդում


Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Փարիզում, 16-ը հունվարի, 2019թ․
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Փարիզում, 16-ը հունվարի, 2019թ․

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Փարիզում նախօրեին մոտ չորս ժամ տևած բանակցություններից հետո պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարում են՝ տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Փարիզյան բանակցությունների վերաբերյալ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունները գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են տարածել: Երկու կողմն էլ նշում են, որ Մամեդյարովն ու Մնացականյանն «անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այդ հանդիպումը, որին մասնակցել են նաև հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արդեն չորրորդն է անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը ևս չի ուշանա՝ նրանք պայմանավորվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հետևողական, նպատակաուղղված շփումները շարունակել առաջիկա փետրվարին: Հայկական կողմի հաղորդագրությունում, սակայն, նշվում է, որ հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն:

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախարարական մակարդակով հերթական շփումներին անդրադառնալով՝ ղարաբաղյան հակամարտության ամենահայտնի միջազգային փորձագետներից Թոմաս դե Վաալը արդյունքների մասին զգուշորեն է խոսել, կարծիք հայտնելով, թե Հայաստանի նոր կառավարությունը կփորձի պահպանել ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում, քանի որ Փաշինյանի վարչակազմի առաջնահերթություններից են ներքին տնտեսական խնդիրները՝ կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը:

Օրեր առաջ Caucasus Watch պարբերականին տված հարցազրույցում բրիտանացի վերլուծաբանը, միևնույն ժամանակ, հավելել է. - «Փաշինյանը փորձում է պարզապես պահպանել ստատուս քվոն, և սա, ամենայն հավանականությամբ, դուր չի գալիս Ադրբեջանին, որը ցանկանում է տեսնել ավելի ակտիվ բանակցային գործընթաց կամ ցնցել իրավիճակը որոշակի ռազմական գործողություններով»:

Այդուհանդերձ, Թոմաս դե Վաալի համոզմամբ, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը դրական է, և նոր իրավճակը նոր հնարավորություններ է բացում երիտասարդ սերնդի համար, որն իսկապես ցանկանում է լուծել Հայաստանի խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG