Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում համաձայնեցրել են ռուսաստանյան ռազմական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով ինչպես նաև Սիրիայում քիմիական հարձակումների առթիվ կիրառվող պատժամիջոցների նոր փաթեթը:
Պատժամիջոցների թիրախում հայտնվել են Ռուսաստանի 4 և Սիրիայի 5 քաղաքացիներ:
ԵՄ մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, թիրախային պատժամիջոցների ենթարկված անձանց անունները կհրապարակվեն օրվա երկրորդ կեսին:
Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները: