Մատչելիության հղումներ

Ճապոնիան պատրաստ է Ռուսաստանի հետ համերաշխության պայմանագիր կնքել. Kyodo


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե, արխիվ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պատրաստ է Ռուսաստանի հետ համերաշխության պայմանագիր կնքել, որով Ճապոնիային դե ֆակտո կանցնի Կուրիլյան կղզիներից երկուսը՝ Շիկոտանն ու Հոբամայի արշիպելագը, վկայակոչելով կառավարական իր աղբյուրները՝ հայտնել է Kyodo գործակալությունը։

Ճապոնիայի վարչապետի աշխատակազմը համարում է, որ երկու մյուս կղզիների՝ Իտուրուպի և Կունաշիրի վերադարձն այսօր իրական չէ։

Այս չորս կղզիները Խորհրդային Միությանն են անցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն Տոկիոն հրաժարվել է դե յուրե ճանաչել այն և մինչ օրս չի ստորագրել համերաշխության մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ։

1956 թվականին Խորհրդային Միությունն ու Ճապոնիան հռչակագիր էին ստորագրել, որում ասված էր, որ Խորհրդային Միությունը պատրաստ է Ճապոնիային վերադարձնել Շիկոտանն ու Հոբաման, եթե ստորագրվի համերաշխության մասին պայմանագիր երկու երկրների միջև։

Ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր, որ Մոսկվան համաձայն է վերադարձնել այս երկու կղզիները, եթե Ճապոնիան խոստանա, որ այնտեղ չեն լինի ամերիկյան ռազմական բազաներ։

Հունվարի 14-ին, սակայն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել էր իր ճապոնացի գործընկերոջ հետ և բանակցություններից հետո հայտարարել, թե երկու երկրների միջև այս հարցով լուրջ տարաձայնություններ դեռ կան։

Մի քանի օր անց ճապոնական կողմը հայտարարում էր, որ հունվարի 22-ին Մոսկվա է ժամանելու Ճապոնիայի վարչապետը, Կուրիլյան կղզիների և համերաշխության մասին պայմանագրի հարցը լինելու է երկու երկրների ղեկավարների բանակցությունների օրակարգում։

Ռուսաստանցի փորձագետները համարում են, որ եթե այս անգամ էլ պաշտոնական Մոսկվան և Տոկիոն չկարողանան պայմանավորվել խնդիրը նորից երկար տարիներ կմնա չլուծված։

Կիրակի օրը Մոսկվայում Սուվորովի անվան հրապարակում հանրահավաք է տեղի ունեցել. Ռուսաստանի ձախ ուժերը բողոքում էին Կուրիլյան կղզիները հանձնելու՝ Ռուսաստանի իշխանությունների մտադրության դեմ։ Հանրահավաքին շուրջ 1000 մարդ է եղել, լուրջ միջադեպեր չեն գրանցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG