Մատչելիության հղումներ

Եվրոպոլ․ Իսպանիայում և Բելգիայում բացահայտված հայկական հանցախմբերը կապի մեջ են եղել


Եվրամիության ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդում անցած շաբաթ Իսպանիայում ձերբակալված հայկական հանցախմբի վերաբերյալ, որի անդամները մեղադրվում են պրոֆեսիոնալ թենիսիստներին կաշառելու և պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ:

Associated Press-ի հետ զրույցում Եվրոպոլի տնտեսական հանցագործությունների բաժնի պետ Պեդրո Ֆելիչիոն հայտնել է՝ պարզվել է, որ Իսպանիայում ձերբակալված խմբավորումը կապի մեջ է եղել անցած տարի Բելգիայում հայտնաբերված հայկական հանցախմբի հետ:

Ըստ եվրոպացի քննիչների, խաղադրույքներով զբաղվող այդ խմբերը հարյուրավոր պայմանավորված խաղեր են կազմակերպել Եվրոպայի տարբեր երկրներում, ավելի քան 100 մարզիկների կաշառել, ընդ որում, ոչ միայն թենիսի ասպարեզում. լուրջ կասկածներ կան, որ նրանք հանցավոր կապի մեջ են եղել նաև վոլեյբոլիստների ու բասկետբոլիստների հետ, ասել է Եվրոպոլի պաշտոնյան:

Ամիսներ շարունակված քննությունից հետո իրավապահները նաև անուններ են հրապարակում: Ըստ այդմ՝ Բելգիայում գործող հանցախմբի առաջնորդներից մեկը եղել է 28-ամյա Գրիգոր Սարգսյանը, ում կաշառված սպորտսմենները կոչել են «Մաեստրո»: Վերջինս ձերբակալված է և այժմ գտնվում է բելգիական բանտում: Նրա դեմ ցուցմունքներ ստանալու, փաստեր հավաքելու համար, ըստ Associated Press-ի աղբյուրների, բելգիացի քննիչները այս շաբաթ մեկնել են Ֆրանսիա, ուր գործով անցնող չորս թենիսիստ էր ազատազրկվել: Նրանցից առնվազն մեկը խոստովանել է, որ մոտ երկու տասնյակ պայմանավորված խաղ է անցկացրել Սարգսյանի պատվերով:

Քննությամբ պարզվել է՝ հանցախումբը գործել է ծածկագրերով ուղարկվող բջջային հաղորդագրություններով, բացի այդ՝ Սարգսյանը հատուկ մարդկանց է վարձակալել, որոնք աչքի չընկնող՝ փոքր խաղադրույքներ են կատարել նախապես պայմանավորված խաղերում: Գումարի չափը մեծ չի եղել՝ կասկածներ չհարուցելու համար, շահույթը, սակայն, ապահովվել է՝ բազմակի խաղադրույքների միջոցով:

«Ֆրանսիան հանցախմբի գործողություններից ամենաշատը տուժած երկրներից մեկն է», - ասել է քննիչը Associated Press-ին, մանրամասնելով՝ պայմանավորված խաղերն անցկացվել են պրոֆեսիոնալ թենիսի համեմատաբար ցածր մակարդակի մրցաշարերում, որոնք հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում չեն, մրցանակային գումարներն էլ մեծ չեն՝ 5-15 հազար դոլարի սահմաններում։

Ֆրանսիայից բացի, քննիչները հարցաքննություններ են իրականացրել Բելգիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Սլովակիայում և Բուլղարիայում, և սա դեռ ամենը չէ, հաղորդում է Associated Press-ը, մանրամասնելով` կասկածներ կան, որ հանցախմբի կապերը տարածվել են մինչև Միացյալ Նահանգներ, Չիլի ու Եգիպտոս:

Ընդհանուր առմամբ, ըստ քննության, հանցախմբի հետ համագործակցել է ավելի քան հարյուր թենիսիստ, որոնք պայմանավորված արդյունք ապահովելու համար ստացել են 500-ից մինչև 3 հազար եվրո գումար: «Տպավորություն է, որ սա շատ տարածված է եղել», - ասել է Բելգիայի դատախազության պաշտոնյաներից մեկը, չթաքցնելով՝ իրավապահները մտավախություն ունեն, որ ապագայում կոռուպցիոն այս շղթան կարող է շատ ավելի ընդարձակվել: «Ժամանակի ընթացքում այս մարզիկները կարող են դառնալ մարզիչ ու արդեն նորեկներին ներքաշել հանցավոր գործունեության մեջ», - ասել է Բելգիայի դատախազության պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:

Եվրոպոլի ներկայացուցիչը, իր հերթին, նշել է, որ այժմ քննություն է ընթանում պարզելու՝ ինչ չափով են համագործակցել Իսպանիայում և Բելգիայում բացահայտված հանցախմբերը, արդյո՞ք եղել է մեկ պարագլուխ, որին բոլորն են ենթարկվել, թե՞ կապը եղել է ստորին մակարդակներում՝ տեղեկատվության փոխանակման ու փողերի լվացման համար: «Սակայն որ նրանք իրար հետ կապի մեջ են եղել, հստակ է», - ասել է Եվրոպոլի տնտեսական հանցագործությունների բաժնի ղեկավար Պեդրո Ֆելիչիոն:

Անցած շաբաթ հաղորդվեց, որ Իսպանիայի ոստիկանությունը՝ Եվրոպոլի աջակցությամբ, հայկական խոշոր հանցավոր խումբ է ձերբակալել՝ թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով: Եվրոպոլի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է 83 մարդ, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստ, առգրավվել է 137 հազար եվրո գումար, զենք, տասնյակ համակարգիչներ, 5 շքեղ մեքենաներ, ոսկյա զարդեր ու շքեղության այլ պարագաներ, 42 բանկային քարտ ու հաշիվ սառեցվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG