Մատչելիության հղումներ

Թենիսի շուրջ սկանդալը Բելգիայում․ հինգ հայերը կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել


Բելգիայի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել հինգ հայաստանցիների՝ պրոֆեսիոնալ մրցաշարերում թենիսիստներին կաշառելու, պայմանավորված խաղերում խաղադրույքներ անելու և փողերի լվացման համար:

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ սա թենիսի ասպարեզում բացահայտված ամենախոշոր կոռուպցիոն պատմությունն է, որի շրջանակում նախօրեին 13 մարդ էր ձերբակալվել, այդ թվում՝ թենիսիստներ: Երեկ նրանցից ութը ազատ են արձակվել, գործով անցնող հինգ հայերը՝ կալանավորվել, հաղորդել է դատախազության խոսնակ Էրիկ վան դեր Սիյպտը:

«Գործել է հայ-բելգիական հանցավոր մի խումբ, ներգրավվել են մարզիկներ, որոնք պատրաստ են եղել պարտվել՝ գումարի դիմաց, ինչը թույլ է տվել կասկածյալներին խաղադրույքներ կատարել ու խոշոր չափերի եկամուտներ ստանալ», - ասել է դատախազության խոսնակը:

Իրավապահներն առայժմ սուղ տեղեկություններ են հաղորդում կալանավորված հայերի մասին․ դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է միայն նրանց տարիքը, անուններն ու ազգանունների առաջին տառը, ըստ այդմ՝ մեղադրյալներից ամենաերիտասարդը 27 տարեկան է, ամենատարեցը՝ 54: Վերջիններիս վնասազերծելու համար, ըստ տեղական լրատվամիջոցների, Բելգիայի ոստիկանությունը համագործակցել է Եվրոպոլի հետ, խուզարկություններ են իրականացվել ոչ միայն բելգիական 21 քաղաքներում, այլև Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Սլովակիայում ու Նիդերլանդներում:

Դատախազության պաշտոնական հաղորդագրությունը պնդում է՝ հայ-բելգիական հանցավոր խումբը տարիներ շարունակ՝ 2014-ից մինչ օրս ակտիվորեն կաշառել է թենիսիստներին, պայմանավորվածությունները ձեռք են բերվել պրոֆեսիոնալ թենիսի համեմատաբար ցածր մակարդակի մրցաշարերում, որոնք, որպես կանոն, հեռուստատեսությամբ չեն լուսաբանվում, մրցանակային գումարներն էլ մեծ չեն՝ 5 հազարից մինչև 15 հազար դոլար։ «Հանցավոր այդ սխեմայի միջոցով կասկածյալները կուլիսային համաձանությունների են եկել, դրանց հիման վրա կատարել են խաղադրույքներ ու խաբեությամբ մեծացրել շահույթի չափը», - հայտարարում է Բելգիայի դատախազությունը:

Նշվում է նաև, որ կասկածելի խաղադրույքները Բելգիայի իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել 2015 թվականից: «Մենք բազմաթիվ բողոքներ էինք ստանում», - բելգիական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում ասում է բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչ Էթիեն Մարիքը: - «Մենք մեր գրասենյակներից պարբերաբար ահազանգեր էինք ստանում տարօրինակ խաղադրույքների մասին, շարունակաբար արձանագրվում էին անհավանական արդյունքներ, ինչն էլ կասկածի հիմքեր տվեց»:

Իրավապահները նշում են, որ պայմանավորված խաղերից բացի հայ-բելգիական հանցավոր խմբի անդամները զբաղվել են նաև փողերի լվացմամբ ու չունենալով աշխատանք ու կայուն եկամտի աղբյուր՝ պարբերաբար խոշոր չափի գումարներ փոխանցել արտասահման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG