Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը փակ է: «Մեղրու սար» կոչվող հատվածը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է (մառախուղ է), իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Լանջիկ-Մաստարա և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:
Լանջիկ-Մաստարա, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ: Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից էլ հայտնել են, որ ռուսական կողմում կա կուտակված 137 բեռնատար, 99 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրից մինչև Բագրատաշեն հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ, տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղին է՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման:
2018 թվականի հունիսի 30-ից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մետր հատվածը միակողմանի փակ է: