Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը փետրվարի 2-ից կսկսի դուրս գալ փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրից


Ռուսաստան - «Իսկանդեր-Մ» հրթիռի արձակումը զորավարժության ժամանակ, արխիվ
Ռուսաստան - «Իսկանդեր-Մ» հրթիռի արձակումը զորավարժության ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգները սկսելու է փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը փետրվարի 2-ին՝ առանց հաշվի առնելու Ռուսաստանի դիրքորոշումը։ ԱՄՆ պետքարտուղարի սպառազինության վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Անդրեա Թոմփսոնի խոսքով՝ գործընթացը տևելու է վեց ամիս:

Նախօրեին Ժնևում անցած ռուս-ամերիկյան բանակցություններն այս հարցով տապալվել են, և Վաշինգտոնը որոշել է դուրս գալ պայմանագրից:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ իր ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսին անդրադարձել էր այս թեմային, նկատելով, թե Վաշինգտոնը հունվարի 15-ին ժնևյան խորհրդակցություններին վերջնաժամկետ էր ներկայացրել՝ պահանջելով Մոսկվայից ոչնչացնել ամերիկյան կողմի կարծիքով պայմանագիրը խախտող հրթիռային համալիրները։

Լավրովը հենց ամերիկյան կողմին է մեղադրում պայմանագիրը տապալելու մեջ: Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս անցած տարի հոկտեմբերի 20-ին հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները մտադիր է դուրս գալ փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Մոսկվային մեղադրել էր պայմանագիրը խախտելու մեջ և 60 օր էր տվել խախտումը վերացնելու համար։

Մոսկվան մեղադրանքը չի ընդունում։ Բանն այն է, որ այդ պայմանագիրը կողմերին թույլ չի տալիս ունենալ ցամաքային տեղակայման 500-ից մինչև 5,5 հազար կիլոմետր հեռահարության բալիստիկ հրթիռներ․ կողմերը պարտավորվել են ոչնչացնել միջին՝ 1000-5500 կիլոմետր, և փոքր՝ 500-1000 կիլոմետր հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ և թևավոր հրթիռների բոլոր համալիրները, ինչպես նաև չարտադրել, չփորձարկել և չծավալել նման հրթիռներ ապագայում:

Վաշինգտոնը համարում է, որ Ռուսաստանը թաքցնում է «Իսկանդեր Մ» հրթիռների 9М729 համալիրի իրական հզորությունը, և պահանջում է ոչնչացնել այդ հրթիռները, քանի որ դրանք խախտում են դեռևս 1987 թվականին ստորագրված պայմանագրի պահանջը։ Վաշինգտոնը համարում է, որ այդ բալիստիկ հրթիռն ունի ավելի մեծ հեռահարություն։

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, թե այս պայմանագրի չեղարկումը կնշանակի, որ աշխարհում սկսվում է սպառազինության նոր մրցավազք, ինչպես «սառը պատերազմի» տարիներին էր, և չի լինի միջազգային իրավական դաշտ այդ մրցավազքը վերահսկելու և կանգնեցնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG