Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը սպառնում է 60 օրից դուրս գալ փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրից


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ելույթ է ունենում Գերմանական Մարշալի հիմնադրամի կոնֆերանսում, Բրյուսել, 4-ը դեկտեմբերի, 2018թ․

Միացյալ Նահանգները սպառնացել է, որ դուրս է գալու փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից 60 օրից, եթե Ռուսաստանը չկատարի այդ պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները: Այս մասին երեքշաբթի երեկոյան հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Նրա խոսքով՝ միայն Մոսկվան կարող է փրկել պայմանագիրը, քանի որ միայն Մոսկվան է խախտել պայմանագրում տեղ գտած պայմանները՝ Ռուսաստանն ունի 9M729-SSC-8 հրթիռներ, որոնց հեռահարությունն ավելին է, քան նախատեսված է այս համաձայնագրով:

Պաշտոնական Մոսկվան արդեն արձագանքել է Փոմփեոյի հայտարարությանը: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ուշ երեկոյան հայտարարել է, թե Մոսկվան միանշանակ առանց շեղումների կատարում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, և ամերիկյան կողմին այս մասին հայտնի է:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները նույնպես հանդես են եկել միասնական հայտարարությամբ, որում Մոսկվային մեղադրում են պայմանագիրը խախտելու մեջ՝ հիշատակելով այդ նույն հրթիռները, որոնց հեռահարությունն ավելին է, քան թույլատրվում է Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև դեռևս 1987 թվականին կնքված պայմանագրով:

Փոմփեոն ԱՄՆ դաշնակիցներին կոչ է արել պատրաստ լինել, որ 60 օրից հետո աշխարհն արդեն ապրելու է առանց միջուկային հրթիռների մասին այս համաձայնագրի, որը միջուկային զենքի չտարածման հիմնասյուներից մեկն է:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, պայմանագրից դուրս գալու մտադրության մասին հայտարարել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, և այս հարցը պետք է լիներ Արգենտինայում այդպես էլ չկայացած ռուս-ամերիկյան բանակցությունների առանցքում:

Մոսկվան հայտարարում է, թե այս պայմանագրի չեղարկումը փաստացի նշանակում է, որ աշխարհում սկսվում է սպառազինության նոր մրցավազք, ինչպես եղել էր «սառը պատերազմի» տարիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG