Մատչելիության հղումներ

«Կառավարության անդամների երկու երրորդը կնշանակվի, մեկ երրորդը՝ դեռ ոչ». Նիկոլ Փաշինյան


Իշխանությունը միտքը չի փոխել․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց՝ նախարարությունների թիվը կրճատվելու է: Բայց քանի դեռ քննարկվում են կառավարության կառուցվածքում փոփոխությունները, որոշ գերատեսչությունների ղեկավարներ ուղղակի չեն նշանակվի։ Փաշինյանը, սակայն, չհստակեցրեց՝ հատկապես որ նախարարները: Ենթադրվում է, որ չեն նշանակվի հենց կրճատվող նախարարությունների ղեկավարները։

«Օրենքի համաձայն կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների երկու երրորդը։ Կգնանք այդ ճանապարհով՝ կառավարության անդամների երկու երրորդը կնշանակվի, մեկ երրորդը չի նշանակվի քանի դեռ մենք մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը», - նշեց վարչապետը։

Փաշինյանը հղում էր անում կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքին, որը նաև սահմանել է՝ նշանակումից հետո հնգօրյա ժամկետում գործադիր ղեկավարը նախագահին է ներկայացնում փոխվարչապետների ու նախարարների թեկնածուներին։

Նիկոլ Փաշինյանը վարչապետ է նշանակվել երկուշաբթի օրը, երկու փոխվարչապետների անունները հայտնի են՝ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը Արմեն Սարգսյանի հրամանագրերով պահպանել են պաշտոնները, իսկ նախարարները պետք է նշանակվեն մինչև կիրակի։ Նախարարությունների թիվը կարող է կրճատվել նույն՝ կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններից հետո միայն:

Նորընտիր խորհրդարանի նստաշրջանի օրակարգում հարցը կա, կարող է քննարկվել կառավարության առաջարկությամբ, բայց նախագիծը դեռևս խորհրդարան չի ուղարկվել, ոչ էլ հրապարակվել է։ Դեռ անցած տարի որոշ նախարարություններ ստացել էին մի նախագիծ, ըստ որի, այլևս չի լինելու առաջին փոխվարչապետի պաշտոն, նախարարությունների թիվն էլ կրճատվելու է 5-ով՝ դառնալով 12։

Լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները միանալու են Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը՝ Տարածքային կառավարմանը, Գյուղատնտեսության նախարարությունը՝ Տնտեսական զարգացմանը, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անվանումը փոխվում է Տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության։

Օպտիմալացմանը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը», Էդմոն Մարուքյանի խոսքով, կողմ է, բայց, ինչպես ձևակերպեց, նախագծում նախևառաջ ակնկալում են տեսնել, որ վերափոխվել է սուպերվարչապետական համակարգը:

Մարուքյանի կարծիքով՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՊԵԿ-ն պետք է դառնան նախարարություններ և ոչ միայն վարչապետի ու կառավարության, նաև՝ խորհրդարանական վերահսկողության տակ գտնվեն։ Եթե նույն կառուցվածքը պահպանվի, ասաց՝ առաջարկին միանշանակ դեմ կլինեն:
Մինչև ԱԺ նախագահ ընտրվելը Արարատ Միրոզոյանն, օրինակ, կարծիք էր հայտնել՝ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ Ոստիկանության հարցը դեռ կարելի է քննարկել։

«Էդտեղ մենք զիջումներ չունենք։ Երեքը իրար հետ միասին պետք է վերադառնան», - ասաց Էդմոն Մարությանը։

Մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը, ուժային կառույցները, մասնավորապես, ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը, ոչ թե վարչապետին ենթակա մարմիններ էին, այլ կառավարությանն առընթեր: Փոփոխությունը Հանրապետական իշխանությունը նախաձեռնեց

Խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժից՝ ԲՀԿ-ից, չեն հստակեցնում ոստիկանության և ԱԱԾ հետագա կարգավիճակի մասին ի՞նչ դիրքորոշում ունեն։ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը կբերվի խորհրդարան, կարտահայտվեն։ Իսկ ահա իշխանական «Իմ քայլ»-ից Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ գոցե անհրաժեշտ է, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դառնան նախարարություններ: Այդ դեպքում ավելի վերահսկելի կլինեն։

«Մենք նոր Հայաստանում ենք, որովհետև ավտորիտարիզմն էր պատճառը, որ Հայաստանը կանգնած էր փոփոխությունների շեմին և փոփոխությունները տեղի ունեցան։ Հիմա մենք պարտավոր ենք այդ փոփոխություններին տալ ճիշտ գնահատական, կառույցները վերադասավորել ճիշտ, որպեսզի հենց էֆեկտիվությունը պետության կառավարության, լինի բավականին բարձր», - ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Էդմոն Մարուքյանը կառավարությունից պահանջում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը շուտ ուղարկել Խորհրդարան: - «Մենք բան չենք էստեղ, որ մի օրում բերեն մենք էլ արագ-արագ կարդանք, դակենք գնա», - նշեց Մարուքյանը։

«Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանի խոսքով՝ առաջին նստաշրջանի օրակարգում նախագիծը հաստատ կընդգրկվի։ - «Կառուցվածքային փոփոխությունների ամբողջ փաթեթը պետք է պատրաստ լինի, որպեսզի կառավարությունը դա ներկայացնի։ Այսինքն էստեղ շտապելու որևէ կարիք չկա», - ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG