Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաև ոստիկանության մարզային վարչության աշխատակից:
Ըստ հաղորդագրության, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետ Ն.Թ-ն, նախնական համաձայնության գալով նույն անտառտնտեսության տնօրենի հետ, կազմակերպել է ապօրինի ծառահատում, փայտանյութի դուրսբերում և վաճառք, որի դիմաց Հայաստանի տարբեր քաղաքացիներից 2018-ի հուլիս-հոկտեմբեր ամիսներին պահանջել և ստացել է ավելի քան 300 հազար դրամ կաշառք: Միևնույն ժամանակ, Ն.Թ-ն ծառահատումներին ու փայտանյութի ապօրինի տեղափոխմանը չխոչընդոտելու համար Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ն.Խ-ին առաջարկել և փոխանցել է 150 հազար դրամ կաշառք:
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնցից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Կատարվում է նախաքննություն: