Մատչելիության հղումներ

«Ուղղակի պետք է պարբերաբար ուշադրության տակ պահենք գերիների խնդիրը, ավելորդ աղմուկը վնասում է գործին». Զոհրաբյան


Այսօր մենք Ադրբեջանում ունենք 4 պատանդ՝ երկուսը` Հայաստանի քաղաքացի, մեկն՝ Արցախի, մեկն էլ՝ Ռուսաստանի քաղաքացի հայազգի Մարատ Ուելդանովը, այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ից Արման Աբովյանի հարցին, թե ի՞նչ է անելու հանձնաժողովն Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով։

«Ի՞նչ կարող է անել Մարդու իրավունքների հանձնաժողովը. եթե ես ասեմ, որ մենք այստեղ շատ լուրջ գործիքակազմ ունենք, անկեղծ չի լինի։ Աղմուկը, հարցի ավելորդ հանրայնացումը շատ դեպքերում բերում է նաև գործի վնասմանը` ես ասում եմ որպես պատգամավոր, ով Կարմիր խաչի հետ միասին զբաղվել է ռազմագերիների, մասնավորապես, Հակոբ Ինջիղուլյանի հարցով։ Մենք ամեն ինչ արեցինք լուռ, հանգիստ, առանց աղմուկի՝ նաև աշխատելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների նախկին հանձնակատարի հետ։ Մենք ուղղակի պետք է պարբերաբար մոնիտորինգի տակ, ուշադրության տակ պահենք խնդիրը և պարբերաբար պատկան կառույցներից, նման դեպքերում Կարմիր խաչը խիստ սակավախոս է, և ես հասկանում եմ իրենց մարտավարությունը, պետք է փորձենք պարբերաբար տեղեկություն ստանալ՝ առանց ավելորդ աղմուկի, որովհետև տվյալ դեպքում, վստահեցնում եմ ձեզ, աղմուկը վնասում է գործին», - ասաց Զոհրաբյանը։

Մարատ Ուելդանովը, ում անունը նշեց ԲՀԿ-ական պատգամավորը, ռեստորանի մենեջեր է, նա ձերբակալվել է 2016 թվականի հունիսի 9-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու աշխատանքային հրավերով ժամանելուց երեք օր անց:

Նրան նախ մեղադրում էին լրտեսության մեջ, ապա ութ տարվա ազատազրկման դատապարտեցին՝ թմրամիջոցների թրաֆիքինգի համար։

Ուելդանովի պաշտպաններն ու ընտանիքի անդամները մեղադրանքը չեն ընդունում և հայտարարում են, որ նրան դատապարտել են իր հայկական ծագման համար։ Ուելդանովը նրա կնոջ ազգանունն է։

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակվում են 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ քննարկումները: Հանձնաժողովներից ութում նախագահներ է առաջադրել «Իմ քայլը» դաշինքը, երկուսում՝ «Բարգավաճ Հայաստանը», մեկում՝ «Լուսավոր Հայաստանը»:

Հանձնաժողովների նախագահներն ընտրվելու են փակ գաղտնի քվեարկությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG