Մատչելիության հղումներ

«Լույս» խմբակցությունը պատրաստ է Հայկ Մարությանի գործունեությունը վիճարկել դատարանում


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարում է ավագանու նիստը, հոկտեմբեր, 2018թ․

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը կվիճարկի դատարանում, եթե նա անուն առ անուն չհրապարակի՝ քաղաքապետարանի աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել անցած տարեվերջին, զգուշացնում է խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ստացողների ցանկի վերաբերյալ Խաժակյանի հարցումը քաղաքապետին դեռ անարձագանք է:

«Հետագայում նաև պատրաստ ենք խնդրի չլուծման դեպքում դիմել վարչական դատարան՝ կրկին Երևանի ՏԻՄ օրենքով սահմանված կարգով վիճարկելու քաղաքապետի գործողությունը, քանի որ այդ գործողությունը վնասում է թափանցիկությանը», - նշեց Դավիթ Խաժակյանը։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն է պահանջում պարգևատրման վերաբերյալ քաղաքապետի կարգադրությանը կից հրապարակել հավելվածը, որտեղ, ըստ Դավիթ Խաժակյանի, պետք է լինի պարգևավճարի հասցեատերերի անունների ողջ ցանկը:

«Համաձայն նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի քաղաքապետի կարգադրությունը համարվում է անհատական իրավական ակտ, և հավելվածը դրա անբաժանելի մի մասն է, ուստի ստացվում է, որ իրենք չեն կատարել Երևանի ՏԻՄ օրենքի պահանջը», - ընդգծեց «Լույս» խմբակցության ղեկավարը։

Խաժակյանի իրավունքն է դատարան դիմելը, բայց խրախուսվածների անունները հրապարակելը մարդու անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խախտում կդիտարկվի, հակադարձում է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«Բացի քաղաքապետարանի աշխատող լինելը մարդը նաև անհատ է, իր անձնական կյանքն ունի։ Էդ անձնական կյանքի գաղտնիության և չհրապարակման իրավունք ունի իրեն վերապահված մնացած օրենսդրությամբ։ Մինչև մենք էդ օրենսդրության հետ չլինենք նույն համաձայության և ալիքի վրա, մենք իրավունք չունենք էդ մարդու անձնական տվյալը տարածենք և հրապարակենք», - նշեց Հայկ Սարգսյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամը հիշեցնում է՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն անգամ չէր զլացել հրապարակել, որ ինքն իրեն մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգևատրել է, ինչն աղմուկ էր բարձրացրել: Գուցե հանրության արձագանքի՞ց է վախենում գործող իշխանությունը՝ Դավիթ Խաժակյանի այս կասկածները փարատում է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: «Բայց կարող եմ ասել, որ Երևանի քաղաքապետը չի ստացել պրեմիա, զրո։ Ես ուզում եմ փարատեմ բոլորի էս կասկածները, որ մենք ոչ մի բանից մտավախություն չունենք։ Ինչո՞ւ՝ որովհետև մենք բաց, թափանցիկ և հստակ ենք», - ասաց Երևանի փոխքաղաքապետը։

Հայկ Սարգսյանի խոսքով՝ գործող իշխանությունը Երևանի քաղաքապետարանի և համայնքապետարանների շուրջ 2000 աշխատակցի պարգևատրել է միայն վերջին եռամսյակի համար: Մնացածը նախկին իշխանությունն արդեն բաշխել էր:

«Այսինքն յուրաքանչյուր աշխատակցի միջին հաշվով, որովհետև վերաբաշխում է տեղի ունեցել, ըստ լավ և վատ աշխատողի, ըստ հաճախած և քիչ հաճախած, և միջինացված ֆոնդը բաշխված է ըստ երկու աշխատավարձի չափի», - ասաց քաղաքապետի տեղակալը։

Աշխատակիցների ցանկը թաքցնելը Խաժակյանը համարում է ոչ թափանցիկ գործելաոճ, առավել ևս, որ 2019-ի բյուջեով պարգևատրումներին և դրամական խրախուսանքներին հատկացվող գումարը ավելացրել է 2,5 անգամ՝ հասնելով մոտ 2 միլիարդ դրամի:

«Եթե բյուջեն այսքան մեծ է տնօրինվելու, ապա պետք է ապահովվի 100 տոկոսանոց թափանցիկություն, որպեսզի տեսանելի լինի, թե որ հաստիքը, որը աշխատակիցը իր աշխատանքի դիմաց որքան գումար կատարեց», - ընդգծեց Խաժակյանը։

«Լույս» խմբակցության հարցմանը պատասխանելու համար քաղաքապետարանը կդիմի Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության օգնությանը: Հենց այս պատասխանն էլ որոշիչ կլինի:

«Դիմել ենք Արդարադատության նախարարություն՝ որպես իրավական ակտերը մեկնաբանող պետական լիազոր մարմնի, որպեսզի Արդարադատության նախարարությունը մեզ ավելի հստակ, հանգամանալից մեկնաբանի՝ արդյո՞ք մեր կողմից անհատական տվյալներով պարգևատման գումարները անվանական հրապարակելը չի հանգեցնի մարդու իրավունքների անհատականության և գաղտնիության իրավունքի խախտմանը, թե՞ կհանգեցնի։ Եթե մենք ստանանաք հետևյալ արձագանքը, որ, այո, դա կհանգեցնի մարդու անհատական տվյալների գաղտնիության պահպանման ռեժիմի խախտմանը, ապա մենք դա չենք հրապարակի», - ասաց փոխքաղաքապետը:

«Լույս» խմբակցությունն էլ մայրաքաղաքի ղեկավարի գործունեությունը դատարանում վիճարկելուց առաջ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը չի շրջանցի նույն հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG