Բրիտանացի իրավապահները ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջից՝ Զամիրա Հաջիևայից առգրավել են ավելի քան մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ադամանդե մատանին:
Cartier ապրանքանիշի զարդը կինը նվեր էր ստացել 8 տարի առաջ՝ ամուսնուց:
Բրիտանացի իրավապահները ավելի վաղ պարզել են, որ Հաջիևան 10 տարվա ընթացքում միայն մեկ խանութից՝ Լոնդոնի Harrods-ից 16 միլիոն ֆունտ ստեռլինգի առևտուր էր արել, նաև պարզվել էր, որ նա Բրիտանիայում 22 միլիոն ֆունտ ստեռլինգի անշարժ գույք է ձեռք բերել:
Հաջիևան անցած նոյեմբերին ձերբակալվել էր Լոնդոնում, ապա 500 հազար ֆունտ ստեռլինգ գրավի դիմաց ազատ արձակվել: Զամիրա Հաջիևան բերման էր ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների պահանջով: Նրան արտահանձնում է սպառնում:
55-ամյա ադրբեջանուհին դարձել է Մեծ Բրիտանիայում բնակվող առաջին օտարերկրացին, ումից անգլիացի իրավապահները պաշտոնապես պահանջել էին բացահայտել իր հարստության աղբյուրները: Նա «Ադրբեջանի միջազգային բանկի» նախկին տնօրեն Ջահանգիր Հաջիևի կինն է: 2016 թվականին Բաքվի դատարանը Հաջիևին 15 տարվա ազատազրկման է դատապարտել խարդախությունների, մեքենայությունների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեղադրանքով: Նախկին բանկիրը մեղադրանքը չի ընդունել: