Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նույն օրը Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպումներ է ունեցել ԱՄԷ պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
Հայաստանի նախագահը և ԱՄԷ պետնախարարը խոսել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես՝ համատեղ նախագծեր իրագործելու հնարավորությունների մասին։ Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարիների ընթացքում իհարկե, մեծ և փոքր հաջողություններ գրանցվել են, սակայն ներուժը շատ ավելի մեծ է։
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն Արմեն Սարգսյանն առանձնացրել է տուրիզմի, ենթակառուցվածքների ու սպասարկումների ոլորտը՝ նշելով, որ Հայաստանը կարող է այս ոլորտում տարբերվող առաջարկներ անել՝ մասնավորապես էկո տուրիզմ, պատմական զբոսաշրջություն։
Նախագահը կարևորել է նաև փոխգործակցությունը գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ Հայաստանը հայտնի է միրգ-բանջարեղենի վերամշակման, պահածոյացման, չրագործության ոլորտներում և այստեղ երկու երկրները կարող են փոխշահավետ աշխատել։
Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ Արմեն Սարգսյանը քննարկել է հայ-էմիրաթական հարաբերությունների ողջ սպեկտրը: Առևտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում հանդիպման մասնակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ է միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների ընթացքին հետևելու համար:
Ընդգծելով առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը՝ Հայաստանի նախագահը հեռանկարային է համարել համագործակցության հնարավորությունները հատկապես գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում։
Նշելով, որ Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է կարևոր հանգույց դեպի Ծոցի տարածաշրջան և այլ երկրներ, Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն իր հերթին Միացյալ Էմիրությունների համար կամուրջ կարող է լինել դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ:
Նախագահ Սարգսյանը և շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը խոսել են նաև մշակույթի, գիտության ու կրթության, զբոսաշրջային ոլորտներում առկա համագործակցության մեծ ներուժի մասին, կարևորվել են մշակութային փոխգործակցության ակտիվացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։
Ըստ Արմեն Սարգսյանի, գործակցության արդյունավետ հարթակ կարող են լինել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները, ֆինանսական սեկտորը, ինչպես նաև էներգետիկայի, մասնավորապես, վերականգնվող էներգիայի բնագավառը։