Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահը «հիմար և մտացածին» է որակում Ռուսաստանի հետ միավորման մասին խոսակցությունները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Մոսկվա, 29-ը դեկտեմբերի, 2018թ․

Բելառուսի և Ռուսաստանի միավորման մասին խոսակցությունները «հիմար են և մտացածին», այսօր Մինսկում հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու ինտեգրացիոն ծրագրերին նվիրված խորհրդակցության ժամանակ:

«Մենք՝ Ռուսաստանի նախագահի հետ, միանշանակ արձանագրել ենք, որ երկու պետությունների միավորման հարց այսօր օրակարգում չկա», - պնդել է Լուկաշենկոն՝ միաժամանակ ակնարկելով, որ Վլադիմիր Պուտինի հետ դռնփակ բանակցություններում այս թեման քննարկվել է:

«Մենք ժամանակին պետք է սահմանադրական ակտ ընդունեինք, այսինքն՝ Միութենական պետության սահմանադրություն, որտեղ ամեն ինչ պետք է գրված լիներ՝ վարչական օրգանների, իշխանության օղակների, միասնական արժույթի և այլնի մասին: Ռուսաստանը այն ժամանակ հրաժարվեց գնալ այդ ճանապարհով, ինչի մասին ես հիշեցրի նախագահ Պուտինին: Այլ հարց է, թե հիմա ինչ ենք անելու սեղանին դրված միութենական համաձայնագրի հետ: Պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ և քննարկենք՝ ինչ խնդիրներ կարող ենք լուծել այդ համաձայնագրի հիման վրա», - ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով․ - «Մենք պատրաստ ենք գնալ դրան առանց որևէ ճնշման»:

Նա նաև հրապարակավ նախապայման է դրել Կրեմլի առաջ ու պնդել է, թե Ռուսաստան-Բելառուս դաշինքը կարող է զարգանալ միայն իրավահավասարության հիմքով: «Դա է ցանկացած դաշինքի կառուցման հիմնարար սկզբունքը: Չկա իրավահավասարություն՝ չկա միություն», - ըստ պետական «Բելտա» գործակալության՝ ասել է Բելառուսի նախագահը:

«Ամեն ինչ պետք է որոշվի երկու երկրների՝ Ռուսաստանի և Բելառուսի ժողովուրդների կամքով: Մենք մշտապես պետք է հաշվի առնենք մեր քաղաքացիների կարծիքը», - ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ռուսաստանի և Բելառուսի միավորման շուրջ խոսակցություններն ակտիվացան անցած տարեվերջին, երբ Կրեմլը բարձրացրեց Բելառուսին վաճառվող գազի գինն ու հարկային փոփոխություններ մտցրեց, որոնց արդյունքում Մինսկը էական վնասներ է կրում: Անդրադառնալով դրանք չեղարկելու, առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու Բելառուսի խնդրանքին՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առաջարկել էր համատեղ դրամի թողարկման կենտրոն ստեղծել, միավորել մաքսային ծառայությունը, դատարանն ու Վերահսկիչ պալատը, ինչը Մինսկում ընդունել էին որպես տնտեսական ճնշում և անկախության սպառնալիք:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG