Մատչելիության հղումներ

Պուտինն ու Լուկաշենկոն չեն կարողացել համաձայնության գալ


Ռուսաստանի նախագահը Կրեմլում ողջունում է Բելառուսի նախագահին, Մոսկվա, 25-ը դեկտեմբերի, 2018թ․
Ռուսաստանի նախագահը Կրեմլում ողջունում է Բելառուսի նախագահին, Մոսկվա, 25-ը դեկտեմբերի, 2018թ․

Երեկ շուրջ չորս ժամ բանակցելուց հետո Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն չեն կարողացել պայմանավորվել և որոշել են մինչև Նոր տարի, այսինքն՝ առաջիկա օրերին, նորից հանդիպել։

«Առաջնորդները պայմանավորվել են մինչև Նոր տարի ևս մեկ անգամ հանդիպել», - Կրեմլում կայացած ռուս-բելառուսական բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ով մասնակցել է բանակցություններին, հայտարարել է, թե Լուկաշենկոյին չի հաջողվել համոզել Պուտինին վերանայել ռուսական գազի գինը։

Բացի գազի գնից, որը Մինսկը ցանկանում է փոխել և գազ ստանալ Ռուսաստանի ներքին գներով, բանակցությունների օրակարգում էին նաև նավթային ոլորտում Ռուսաստանի նախաձեռնած հարկային փոփոխությունները, որոնց հետևանքով բելառուսական կողմը հինգ տարում կարող է կորցնել, իր հաշվարկներով, շուրջ 10 միլիարդ դոլար։ Բանն այն է, որ ռուսական նավթի վերավաճառքից առաջացած եկամուտը բելառուսական բյուջեի մի զգալի մասն է կազմում, և Բելառուսը մեծ գումարներ է կորցնելու հարկային այդ փոփոխություններից հետո։

Պաշտոնական Մինսկը փոխհատուցում է պահանջում՝ եկող տարվա համար 300 միլիոն դոլար, Մոսկվան էլ բանակցություններում պնդում է, թե հենց այնպես չի պատրաստվում փոխհատուցել այդ գումարը։

Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բելառուսական կողմին առաջարկել էր է՛լ ավելի խորը ինտեգրում փոխհատուցման և գազի նոր՝ ավելի հարմար գնի դիմաց: Լուկաշենկոն հայտարարել էր, թե սա ոտնձգություն է Բելառուսի ինքնիշխանության դեմ, և ինքը նման բան չի հանդուրժի։

Ռուսաստանցի փորձագետները գրում են այս օրերին, որ Մոսկվան կարող է ուժեղացնել ճնշումը Լուկաշենկոյի վրա՝ Ռուսաստան-Բելառուս միասնական պետությունը կյանքի կոչելու համար։ Այս նոր ինտեգրումը նաև Պուտինի համար 2024 թվականից հետո իշխանությունը պահելու ևս մեկ սցենար է, որի մասին խոսում են Մոսկվայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG