Մատչելիության հղումներ

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների «միակ նպատակը» պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումն է


Գործադիրի այս տարվա առաջին նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարության կազմի փոփոխության և նախարարությունների թվի կրճատման նպատակը պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումն է:

«Դուք գիտեք, որ Ազգային ժողովի ընտրություններում, նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք նախընտրական խոստում ենք տվել, որ Կառավարության կազմը, կառուցվածքը պիտի փոխվի և նախարարությունների թիվը պիտի կրճատվի, և մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով: Ես ուզում եմ ուղղակի արձանագրել հետևյալը, որ այս պրոցեսի իմաստը և նպատակը ամենևին էլ, այսպես ասած, փող խնայելը չէ: Այստեղ նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել Կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Սա թերևս միակ նպատակն է», - նշեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ Կառավարության կազմի ու կառուցվածքի վերաբերյալ վերջնական որոշում փաստորեն դեռ չկա․ - «Մենք կառավարությունում մի քանի քննարկում ենք ունեցել այս թեմայով, տարբեր ֆորմատներով, երկու օր առաջ՝ նույնիսկ ամբողջ կառավարության ֆորմատով: Եվ դեռ էլի քննարկումներ կունենանք: Եվ իհարկե, մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով, և ըստ էության Հայաստանի քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը: Այս ընթացքում մենք, իհարկե, կլսենք բոլոր տեսակետները հնարավոր կոնֆիգուրացիաների մասին և կկայացնենք առավել բալանսավորված որոշում»:

Կառավարության շահագրգիռ գերատեսչություններին արդեն ուղարկվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի Կառավարության կազմից դուրս է գալիս առաջին փոխվարչապետի պաշտոնը, որը 2018-ի փոփոխությունների արդյունքում ներդրվել էր, ըստ ընդդիմադիրների, հատուկ Կարեն Կարապետյանի համար։

Նախարարությունների թիվը կրճատված է 5-ով՝ դառնալով 12։ Լուծարվում է Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները միանում են Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը միանում է Տարածքային կառավարման նախարարությանը, Գյուղատնտեսության նախարարությունը միանում է Տնտեսական զարգացման նախարարությանը, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը փոխվում է Տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության։

Թեև, ինչպես այսօր լրագրողներին ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, իշխանությունները հակված են դուրս թողնել «ռազմարդյունաբերություն» բառը, որպեսզի միջազգային գործընկերների հետ աշխատանքի ժամանակ խոչընդոտներ չառաջանան, իսկ նախարարությունն էլ կոչելու են Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Լիբանանյան OTV հեռուստաընկերությանը օրերս տված հարցազրույցում Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Առաջին կաթողիկոսը, անդրադառնալով Հայաստանի Սփյուռքի նախարարության լուծարման հարցին, հայտարարեց, թե նախարարությունը անցած տարիներին հսկայական գործ է արել և դրա լուծարումը բացասական ազդեցություն կունենա սփյուռքում․ - «Ես կկարծեմ, որ նկատի ունենալով Սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը ու միաժամանակ խորհրդանշական իմասը, երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը: Սփյուռքի համար կարևոր է ունենալ Սփյուռքի նախարարություն: Թերևս ավելի ամփոփ կերպով, սակայն Սփյուռքը փաստորեն վարժվեցավ նախարարության մը: Այս հանգրվանին այդ նախարարության դուրս հանվիլը կառավարության ընդհանուր կազմեն, կըրնա ժխտական անդրադարձներ ունենալ սփյուռքեն ներս»:

Արձագանքելով Սփյուռքի նախարարության փակման շուրջ այս և այլ քննադատական հայտարարություններին՝ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հատուկ կանգ առավ այդ գերատեսչության լուծարման հարցի վրա․ - «Ես ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ Սփյուռքի նախարարության պարագային, որովհետև կարծում եմ՝ թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել սփյուռքի նախարարության վրա: Հակառակը, տվյալ դեպքում էլ խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Այս առումով, մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը, ըստ էության, ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի: Մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում նաև քննարկումներ կունենանք սփյուռքի մեր հայրենակիցների հետ, և հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության»:

XS
SM
MD
LG