Տոցկոյե ավանը շրջանային կենտրոն է Ռուսաստանի Օրենբուրգի մարզում: Շուրջ 7 հազար բնակիչ ունեցող շրջկենտրոնում, տեղացիների խոսքով, մոտ 100 հայ ընտանիք է ապրում։ Այստեղ չկան աշխատատեղեր, և երիտասարդ տղամարդկանց մեծ մասը ծառայում է Ռուսաստանի զինված ուժերի 21-րդ մոտոհրաձգային բրիգադում, որն ամենամեծ ռազմական բազաներից է Ռուսաստանում և տեղակայված է Տոցկոյե ավանում։
«Մեծ ընտրություն չկա, դրա համար էլ շատերը, այդ թվում նաև՝ հայ երիտասարդները, ծառայում են այս բազայում», - «Ազատությանը» պատմեց ավանի բնակիչ Անդրանիկ Առուստամյանը։ Նա 2018 թվականի նոյեմբերի 4-ին Սիրիայում Դեյր Էզ-Զորում զոհված 28-ամյա Անդրանիկ Առուստամյանի հորեղբոր որդին է։
Որ Սիրիայում նոյեմբերի 4-ին հերթական անգամ ռուսաստանցի զինվորականներ են զոհվել, առաջինը պատմել էր «Նովայա գազետա»-ն։ Այդ օրը պայթյուն էր եղել Դամասկոսից Դեյր Էզ-Զոր տանող ճանապարհին՝ ռազմական ոստիկանության շենքում։ 11 մարդ էր զոհվել, այդ թվում՝ վեց ռուսաստանցի։ «Նովայա գազետա»-ն գրել էր, որ զոհված զինվորականները տխրահռչակ «Վագներ» մասնավոր բանակի ծառայողներ էին։ Զոհված Առուստամյանի հարազատները ևս պատմում են, որ Անդրանիկը գումարի դիմաց էր մեկնել Սիրիա։
Ասում են՝ երբ տեղում սկսվել են ռազմական գործողությունները, Տոցկոյե ավանում տեղակայված զինվորական բրիգադում սկսել են կամավորական ջոկատներ կազմավորել: Ցանկացողները քիչ չեն եղել, Սիրիայում ծառայելով զինվորականները կարողանում են զգալի գումար վաստակել: Անդրանիկ Առուստամյանը արդեն երկրորդ անգամ էր մեկնել Սիրիա։ Նոր էր ամուսնացել, ծախսերը շատ էին։ Ընտանիքի միակ զավակն էր: Որդուն կորցնելուց երկու ամիս անց հայրը մահացել է։ Տարեց մայրը մնացել է միայնակ։
Անդրանիկի ընտանիքը Օրենբուրգի մարզ է տեղափոխվել Տաշքենդից, Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը Առուստամյաններին ավելի անվտանգ երկիր էր թվում։
«Ազատության» զրուցակիցը՝ զոհված Անդրանիկի ազգականը, պատմում է, որ Տոցկոյե ավանում ապրող հայերից շատերը միմյանց հետ բարեկամական կապեր ունեն։ Մեծ մասը ծնունդով Ղարաբաղից են, ղարաբաղյան պատերազմի տարիներին այստեղ են տեղափոխվել, հետո բերել են հարազատներին՝ նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից և Հայաստանից։
«Իմ ընտանքը Էյչեր գյուղից է՝ հին գյուղ է, հետո ադրբեջանցիների հետ պատերազմի ժամանակ բոլոր հայերը գյուղից հեռացել էին։ Իմ ընտանիքը սկզբից Հայաստան էր տեղափոխվել, բայց այնտեղ աշխատանք չկար, հայրս Օրենբուրգի մարզում էր աշխատում և մեզ բոլորիս այստեղ տեղափոխեց», - ասաց Անդրանիկ Առուստամյանը:
Անդրանիկը, ինչպես և իր բարեկամներից շատերը, Հայաստանում չեն եղել, բայց ասում է, որ հետևում են հայաստանյան իրադարձություններին։
«Հեղափոխությանը հետևում էինք, տեսնում ենք, որ Փաշինյանի կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Բայց երկար ժամանակ է պետք, որ Հայաստանում ինչ-որ բան փոխվի։ Էսպես չենք կարող վերադառնալ հայրենիք։ Մենք այնտեղ ոչ ոք ենք։ Մի քիչ փող աշխատենք ու երևի կվերադառնանք», - ընդգծեց «Ազատության» զրուցակիցը։
Սիրիայում զոհված Անդրանիկի հարազատները չեն սիրում հարցազրույց տալ, ասում են՝ բան չի փոխվելու իրենց կյանքում, միայն խնդիրներն են շատանալու։ Նրանց բարեկամներից մեկն էլ է ծառայել Սիրիայում։ Սիրիայում իրական պատերազմ է, և երիտասարդները գիտեն, թե ուր են գնում։ «Դա նրա աշխատանքն էր, նա զինվորական էր», - նշեց զոհված Անդրանիկի հորեղբոր որդին։
Ռուսական բանակի հայ զինվորականը զոհվել է Դեյր Էզ-Զորում, որտեղ մեկ դար առաջ իրենց վախճանն են գտել Ցեղասպանության զոհ դարձած հայերը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիա զինված ուժեր ուղարկելուց հետո, որպես կանոն, գերադասում է զոհերի մասին լռել։ Այս միջադեպի մասին ևս որևէ մեկնաբանություն նախարարությունը չի արել։ Վերջին անգամ Սիրիայում զոհված ռուսաստանցիների մասին Մոսկվան պաշտոնական տեղեկատվություն էր հաղորդել անցած տարվա սեպտեմբերին, երբ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը թյուրիմացաբար խոցել էին ռուսական ռազմական Իլ-20 օդանավը, զոհվել էր 14 զինծառայող։
Ռուսաստանի պաշպանության նախարարության տվյալներով՝ 2015-ից Սիրիայում զոհվել է 108 ռուսաստանցի զինծառայող։ Անկախ փորձագետները, սակայն, համոզված են, որ զոհերի թիվն իրականում ավելին է, և նրանց մի գալի մասի մասին պաշտոնական Մոսկվան լռում է։