Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ն առաջիկայում կհրապարակի խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի իր թեկնածուի անունը. Տոնոյան


«Բարգավաճ Հայաստան»-ն առաջիկա օրերին կհրապարակի խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի իր թեկնածուի անունը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածություն առաջադրելու է, որպես խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն։ Առաջիկա օրերին արդեն մեր թեկնածուի անունը մենք կհրապարակենք», - ասաց Տոնոյանը՝ շարունակելով. - «Թե ով, ինչ պաշտոն է զբաղեցնելու՝ և՛ խմբակցության քարտուղար, և՛ հանձնաժողովների նախագահներ, երբ որ արդեն կլինի որոշակիություն, ինչպես նաև փոխնախագահ, մենք ավելի ուշ այդ ամեն ինչ մասին քաղխորհրդի հայտարարությամբ հանդես կգանք»։

«Ազատության» հարցին, թե փաստորեն պաշտոններում առաջադրումների հարցով դեռ ԲՀԿ-ն որոշումներ չունի՞, Տոնոյանը պատասխանեց. - «Որոշումներ կան, սակայն դրանց մասին կհայտարարվի ավելի ուշ»։

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքը որոշել է Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոններում առաջադրել Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները, «Բարգավաճ Հայաստան»-ը դեռ այդ մասին հայտարարություն չի արել, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել է Մանե Թանդիլյանի թեկնածությունն առաջադրելու մասին։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Իմ քայլը» դաշինքը կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18։ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին:

Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում մանդատների հանձնման արարողությանը։

«Այսօր ավելի վաղ պլանավորված միջոցառումներ ունեինք», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տոնոյանը՝ նշելով. - «Սա կարող ենք դիտարկել, որ պարզապես պարոն Ծառուկյանը զբաղվածության պատճառով չի կարող ներկա լինել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG