Մատչելիության հղումներ

«Իմ քայլը»-ը որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Արարատ Միրզոյանի թեկնածությունը. Ալեն Սիմոնյան


Արարատ Միրզոյան, արխիվ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում ավելի քան 70 տոկոս վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքը երեկ երեկոյան հրավիրած նիստում որոշել է Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում առաջադրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխխոսնակներ՝ Ալեն Սիմոնյանին և Լենա Նազարյանին, նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը:

«Իսկ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, քարտուղար՝ Հակոբ Սիմիդյանը»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե գործադիրից էլ ո՞ւմ թեկնածությունները կառաջադրվեն, հայտնի դեմքերից էլ ո՞վքեր կլինեն Ազգային ժողովում, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը պատասխանեց. - «Կան անուններ և դա կապված է նաև նրա հետ, որ տարբեր անձինք գուցե օրենսդիրում շատ ավելի լուրջ աշխատանք ունեն անելու, և դա կապված է նաև, չեմ թաքցնի, կառավարության կառուցվածքում նախատեսվող փոփոխությունների հետ»։

Միրզոյանն ընդգծեց՝ իր ցանկությունն է լինել օրենսդիրում։ «Ես ոչ թե համաձայնվել եմ, այլ խոսել ենք, քննարկում եղել է և, այո՛, գիտակցումը կա, որ շատ ծանր աշխատանք է սպասվում, բայց, կներեք, առաջին փոխվարչապետի աշխատանքն էլ ամենևին թեթևներից չէր», - ասաց Միրզոյանը։

Դիտարկմանը, թե ղեկավարելու է մի խորհրդարան, որի մասին գնահատականներ կան, թե «այստեղ չկան ընդդիմադիրներ՝ կա իշխանություն և կան երկու ուժեր, որոնք կաշկանդված են լինելու քննադատել իշխանությանը», Միրզոյանն այսպես արձագանքեց. - «Ես համաձայն չեմ դիտարկման հետ, թե ընդդիմություն չկա և համաձայն չեմ, թե ընդդիմություն կա, որը դե յուրե ընդդիմություն է, բայց, չգիտեմ ինչու, փաստացի կաշկանդված է լինելու զանազան հարցերով քննադատել կառավարությանը, և համաձայն չեմ դիտարկման հետ, թե ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից։ Եթե այդ մտքի տակ նկատի է առնվում, որ «Իմ քայլը» դաշինքում ամենևին էլ բոլոր հարցերն ուղղահայաց կերպով չեն հրահանգվելու, դիրքորոշումը չի հրահանգվելու, այլ լինելու են մեծ ներքին քննարկումներ, ապա վստահաբար, այո՛, լինելու են և որոշումները կայացվելու են քննարկումների արդյունքում»։

Մեկ այլ քննադատությանը, թե այս Ազգային ժողովում շատ են լինելու անփորձ երիտասարդներ, ովքեր փորձ չունեն նաև քաղաքական ասպարեզում, Միրզոյանն այսպես արձագանքեց. - «Ես խնդրում եմ երիտասարդ և փորձի բացակայություն հասկացություններն իրար հետ չկապել, որովհետև բազմիցս ասել ենք, որ մենք տեսել ենք բազմաթիվ փորձառու սրիկաների, բազմաթիվ փորձառու ընտրակեղծարարների, օլիգարխների և այլն, և այլն։ Խնդրում եմ, նաև պնդում չանել, որ պատգամավորներն, ովքեր «Իմ քայլ» դաշինքով անցել են խորհրդարան, կապ չունեն քաղաքականության հետ, կամ քաղաքականության մեջ նոր են, որովհետև նրանց մեծ մասը մասնակցել է տարբեր ընդդիմադիր շարժումների, քաղաքացիական շարժումների, պայքարել է մարդու իրավունքների և ժողովրդավարության համար Հայաստանում, և ի վերջո մի օր այդ բոլոր ջանքերը պսակվել են հաջողությամբ և չի կարելի պնդել, որ էդ մարդիկ ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG