Միացյալ Նահանգների նախագահը ընդհատել է բյուջեի հաստատման հարցով դեմոկրատների հետ սկսված բանակցությունները, հանդիպման մեկնարկից քիչ անց Դոնալդ Թրամփը դուրս է եկել սենյակից՝ ժամանակի լիակատար կորուստ որակելով քննարկումները:
Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը Թվիթերում պատմել է՝ երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մերժել է ֆինանսավորել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը, ինքը հրաժեշտ է տվել դեմոկրատներին, ընդգծելով․ - «Մենք այլևս քննարկելու բան չունենք»:
Դեմոկրատական ճամբարի ներկայացուցիչներն, իրենց հերթին, պնդել են, թե ականատես են դարձել նախագահի «զայրույթի հերթական պոռթկմանը, երբ նա չի հասել իր ցանկացած արդյունքին»:
Նախօրեին Դոնալդ Թրամփը իր ընտրությունից հետո առաջին անգամ տեսուղերձով դիմել էր ամերիկացիներին ու պնդել, թե ապօրինի ներգաղթը մարդասիրական աղետ է դարձել Նահանգների համար:
Բյուջեի հարցով խորացող այս տարաձայնությունների պատճառով Նահանգների կառավարությունը 19-րդ օրն է՝ մասնակի դադարեցրել է աշխատանքը: