Մատչելիության հղումներ

Թրամփ. «Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն այլընտրանք չունի»


«Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող պաշտպանական պատի շինարարության ֆինանսավորում կամ կառավարության բնականոն աշխատանքի դադարեցում անորոշ ժամկետով». երեկ երեկոյան ամերիկյան առաջատար ալիքներով հեռարձակած հեռուստաուղերձում այսպիսի երկընտրանք առաջ քաշեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` պնդելով, որ իր առաջնահերթ խնդիրը Լատինական Ամերիկայից եկող անօրինական ներգաղթյալների և թմրամիջոցների հոսքը կանգնեցնելն է:

«Մեր հարավային սահմանը վերածվել է անօրինական թմրամիջոցների ահռելի քանակություն մատակարարող մի յուրատեսակխողովակաշարի: Ամեն շաբաթ միայն հերոինի օգտագործման հետևանքով մեր երկրի 300 քաղաքացիներ են մահանում: Այդ հերոինի 90 տոկոսը ԱՄՆ տարածք է մտնում մեր հարավային սահմանով: Այս տարի թմրամիջոցների օգտագործման հետևանքով կյանքից հեռացած ամերիկացիների թիվը գերազանցելու է Վիետնամի պատերազմում զոհվածների թիվը», - հայտարարել է Թրամփը` նշելով նաև, որ 2018 թվականին երկրի իմիգրացիոն ծառայությունը քրեական անցյալ ունեցող 266 հազար անօրինական ներգաղթյալ է ձերբակալել:

«Տարիներ շարունակ հազարավոր ամերիկացիներ դաժանաբար սպանվում են մեր երկիր անօրինականորեն մուտք գործած մարդկանց կողմից: Այդ զոհերի թիվն ավելի կաճի, եթե մենք անհապաղ քայլերի չդիմենք», - նշել է Սպիտակ տան ղեկավարը:

«Անցած ամիս 20 հազար ներգաղթյալ երեխաներ են անօրինականորեն հատել Միացյալ Նահանգների սահմանը: Անողոք հանցախմբերի կողմից այս երեխաները որպես մարդկային մանրադրամ են օգտագործվում: Մեքսիկայով [դեպի ԱՄՆ] վտանգավոր ուղևորության ընթացքում ամեն երրորդ[ներգաղթյալ] կինը ենթարկվում է սեռական բռնության: Կանայք և երեխաները․ ահա մեր չաշխատող համակարգի ամենամեծ զոհերը: Սա մարդկային տառապանքների մի փակ շրջան է, որին ես մտադիր եմ վերջ տալ», - հայտարարել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը շարունակում է պնդել, որ անօրինական ներգաղթի և թմրամիջոցների հոսքի դեմ պայքարի լավագույն միջոցը Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պաշտպանական պատի կառուցումն է: Ամերիկյան կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատները, սակայն, կտրականապես ընդդիմանում են շուրջ վեց միլիարդ դոլար արժողությամբ այս նախագծի իրագործմանը, ինչի հետևանքով երկրի պետական բյուջեի նախագիծը չի հաստատվել, և պետական գերատեսչությունների մեծ մասի աշխատանքը արդեն 18-րդ օրն է, ինչ դադարեցված է:

«Դաշնային կառավարությունը պարապուրդի է մատնված բացառապես մեկ պատճառով՝ որովհետև դեմոկրատները չեն ցանկանում գումար ծախսել մեր սահմանների անվտանգության վրա: Մեր կառավարությունը անում է ամեն ինչ՝ այս իրավիճակից տուժած մարդկանց օգնելու նպատակով: Խնդիրը սակայն միայն մեկ լուծում ունի` դեմոկրատները պետք է այնպիսի օրինագիծ ընդունեն, որը թույլ կտա պաշտպանել երկրի սահմանները», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ամերիկացի կոնգրեսականները, մինչդեռ, Դոնալդ Թրամփի հետ կտրականապես համաձայն չեն: Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հակադարձող հայտարարությամբ հանդես եկավ Թրամփի ելույթի ավարտից հաշված րոպեներ անց:

«Նախագահ Թրամփը գերադասում է պատանդի կարգավիճակում պահել կարևորագույն նշանակություն ունեցող ծառայությունները և պետական հիմնարկների 800 հազար աշխատակիցների զրկել աշխատավարձից: Նա խոստանում է ամիսներով, անգամ տարիներով պարապուրդի մատնել կառավարությունը` հաշվի չառնելով, թե ում կարող է վնասել այդ քայլը», - նշել է Փելոսին:

Ներկայացուցիչների տան խոսնակը նաև համոզված է, որԹրամփի` անօրինական ներգաղթի ծավալների սահմանափակմանն ուղղված գործողությունները որևէ դրական արդյունքի չեն հանգեցնելու:

«Սահմանին գտնվող կանայք և երեխաները ոչ թե սպառնալիք են մեր անվտանգությանը, այլ՝ մարդասիրական մարտահրավեր: Նախագահ Թրամփը, սակայն, իր անարդյունավետ և դաժան քաղաքականությամբ է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը: Նախագահ Թրամփը պետք է վերջ տա ամերիկացի ժողովրդին պատանդ պահելու և արհեստածին ճգնաժամեր հրահրելու իր քաղաքականությանը: Նա պարտավոր է վերականգնել կառավարության բնականոն աշխատանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG