Մատչելիության հղումներ

Դամասկոսը հույս ունի մոտ ապագայում ընդհանուր հայտարարի գալ քրդական ուժերի հետ


Քուրդ աշխարհազորայիններ Սիրիայում, արխիվ
Քուրդ աշխարհազորայիններ Սիրիայում, արխիվ

Դամասկոսում հույս ունեն, որ մոտ ապագայում ի վիճակի կլինեն ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հյուսիսում գործող քրդական ուժերի հետ` գրեթե յոթ տարի տևած դադարից հետո երկրի քրդաբնակ շրջանները ենթարկելով կենտրոնական իշխանություններին: Չորեքշաբթի օրը նման հայտարարություններով հանդես եկավ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Մեքդադը: Նա հատուկ ընդգծում էր, որ Բաշար Ասադի կառավարության և քրդերի հարաբերությունների բարելավման հեռանկարները ի հայտ են եկել նախևառաջ Մոսկվայի ձեռնարկած միջնորդական ջանքերի շնորհիվ:

«Ռուսաստանի միջնորդությամբ մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել: Ես կարծում եմ, որ մենք պետք է լավատես լինենք: Մեր նախկին փորձն այնքան էլ հուսադրող չէր: Այժմ, սակայն, ամեն ինչ կարծես մոտ է հանգուցալուծմանը», - հայտարարում էր սիրիացի դիվանագետը:

Սիրիայի հյուսիսային շրջանները վերահսկող քրդական ուժերը կենտրոնական կառավարության հետ ակտիվ բանակցություններում ներգրավվեցին անցած տարեվերջին, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը լքում են երկրի տարածքը: Սրան ի պատասխան՝ Թուրքիան հայտարարեց, որ պատրաստվում է լրացնել ամերիկացիների հեռանալուց հետո ծագող վակուումը, և սիրիացի քրդերի դեմ հարձակումն անխուսափելի է: Թուրքական հնարավոր ներխուժման վտանգն էր, որ սիրիացի քրդերին ստիպեց լրջորեն մտածել Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Դրան ուղղված առաջին քայլը դարձավ սիրիական կառավարական ուժերի մուտքը քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջի շրջան: Շաբաթասկզբին էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները սկսել են Մանբիջում պարեկային ծառայություն իրականացնել:

«Մենք խրախուսում ենք քաղաքական այդ խմբերին, որպեսզի նրանք սիրիական պետության հետ անկեղծ երկխոսություն ծավալեն` հաշվի առնելով այն իրողությունը, որ դրան որևէ այլընտրանք գոյություն չունի», - նշում էր Սիրիայի ԱԳ փոխնախարարը:

Reuters-ի տեղեկություններով՝ սիրիացի քրդերի օրերս Մոսկվա մեկնած պատվիրակությունը ռուսական կողմին է ներկայացրել Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզը»: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ փաստաթղթով նախատեսվում է ճանաչել Բաշար Ասադի կառավարության գերիշխանությունը քրդաբնակ շրջաններում, ինչպես նաև սիրիական բանակին հանձնել Թուրքիայի հետ սահմանի վերահսկողությունը: Փոխարենը Դամասկոսը կճանաչի երկրի քրդաբնակ շրջաններում ստեղծված վարչակազմի օրինականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG