Մատչելիության հղումներ

ՌՈ է ներկայացել զորակոչի ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակից Մերուժան Ոսկանյանը. ՊՆ խոսնակ


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Ռազմական ոստիկանություն (ՌՈ) է ներկայացել նաև զորակոչի ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակից Մերուժան Վարուժանի Ոսկանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Այսօր ավելի վաղ Ռազմական ոստիկանությունը հաղորդել էր, որ պարզվել է միջադեպի բոլոր մասնակիցների և կասկածյալների ինքնությունը, և անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ ՌՈ-ի, հանրային մեծ հնչեղություն ստացած միջադեպի ակտիվ մասնակիցներից 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը փախուստի մեջ էր:

Ռազմական ոստիկանությունը հաղորդել էր, որ հունվարի 8-ին, ժամը 10.30-ից մինչև 11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են Հայաստանի պաշտպանության նախարարության Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն:

«Շարունակելով իրենց իրավախախտ գործողությունները՝ նշված անձինք Երևան քաղաքի Շարուրի փողոցում հերթական անգամ նույն եղանակով կանգնեցրել են ավտոբուսը, նրանցից երկուսը ոտքերով հարվածելով բացել են ավտոբուսի սրահի դռները և ներս մտնելով, բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող՝ այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչ Հ.Թ.-ի նկատմամբ, հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, իսկ այլ անձինք, քաշելով վարորդ Վ. Մ.-ի հագուստից, դուրս են բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից», - ասված էր հաղորդագրությունում:

Փաստի կապակցությամբ ՊՆ ռազմական ոստիկանությունում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հունվարի 8-ին հարուցվել է քրեական գործ:

«Անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ», - ասված էր հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG