Մատչելիության հղումներ

ՀԲ-ն նկատելիորեն բարելավել է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը


Տեքստիլ ֆաբրիկա Հայաստանում, արխիվ

Համաշխարհային բանկը (ՀԲ) նկատելիորեն բարելավել է Հայաստանի՝ 2018, 2019 և 2020 թվականների տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները՝ այսօր հրապարակված Global Economic Prospects զեկույցում նշելով, որ անցած տարին Հայաստանը փակել է 5,3 տոկոս տնտեսական աճով:

Զեկույցը հրապարակվում է կես տարին մեկ, և 2018 թվականի հունիսին լույս տեսած նախորդում կանխատեսվում էր, որ 2018 թվականը Հայաստանի տնտեսությունը կփակի 4,1 տոկոս աճով:

Ինչպես ասացինք, բարելավվել են նաև այս ու գալիք՝ 2020 թվականին վերաբերող տվյալները: Եթե 2018-ի հունիսի Global Economic Prospects-ի համաձայն, 2019-ին Հայաստանի ՀՆԱ-ն պետք է աճեր 4 տոկոսով, նույնքան էլ՝ 2020 թվականին, ապա այսօրվա հրապարակման մեջ կանխատեսվում է, որ 2019-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,3 տոկոսով, իսկ 2020-ին՝ 4,6 տոկոսով: Նույն՝ 4,6 տոկոս տնտեսական աճ է կանխատեսված 2021 թվականի համար:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, անցած տարի Հայաստանի տնտեսությունը հիմնականում աճել է ծառայությունների ոլորտի հաշվին:

«Մենք գյուղատնտեսությունում պրոբլեմներ ենք ունեցել, արդյունաբերության մեջ կապված, հանքարդյունաբերության հետ կապված որոշակի խնդիրներ, և նաև շինարարության որոշակի աճ է եղել։ Եվ իրականում բոլոր էն անհանգստությունները, որոնք կապված էին ապրիլյան դեպքերից հետո, որ դրանք բացասական կազդեն տնտեսույան վրա, թեկուզ տեմպի առումով իրականում որոշակի նվազում եղավ, բայց ընդհանուր այն կանխատեսումները, որ կային, որոնք նաև անում էին միջազգային կառույցներն, այդ թվում նաև՝ Արժույթի [միջազգային] հիմնադրամը, դեկտեմբեր ամսին ավելի շուտ իր մոտ նաև ճշգրտումներ կատարեց, խոսում էին նրա մասին, որ այդ տնտեսական աճը ավելին կլինի, քան տարվա համար նախատեսվում էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը։

Անցած տարվա հայաստանյան թավշյա հեղափոխության ընթացքում, դրանից հետո նախորդ վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս էին իրենց մտահոգությունները հայտնում, թե հեղափոխական զարգացումները անկայունություն են առաջացնում երկրում, որն էլ բացասական ազդեցություն կթողնի տնտեսության վրա:

Հայաստանի 2018 թվականի պետբյուջեի համաձայն, անցած տարին երկիրը պետք է փակեր 4,5 տոկոս տնտեսական աճով: Համաշխարհային բանկը գնահատել է, որ աճն ավելի բարձր է:

2018-ի տնտեսական աճի վերաբերյալ պաշտոնական տվյալները Հայաստանում դեռ չեն ամփոփվել, թեև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը անցած տարվա նոյեմբերին կանխատեսեց, որ 2018 թվականի տնտեսական աճը կլինի 5-ից 6 տոկոսի միջակայքում:

«Կարծում եմ, որ 5-6 տոկոս միջակայքում [կլինի տնտեսական աճ]։ Հեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել և՛ տնտեսական ակտիվության ցուցանիշի, և՛ ներդրումների վրա, բայց դրա ազդեցությունը երկարաժամկետ պետք է դիտել։ Այսինքն, ի՞նչ է բերել հեղափոխությունը՝ բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, շուկաներ մուտքի ավելի մեծ հնարավորություն, ավելի հավասար մրցակցություն», - ասել էր Խաչատրյանը։

Հայաստանի 2019 թվականի պետբյուջեի համաձայն, այս տարի երկրի ՀՆԱ-ն պետք է աճի 4,9 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG