Մատչելիության հղումներ

Երրորդ տարին է՝ ՀՌԱՀ հայտարարած մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման մրցույթին դիմողներ չկան


Հայաստանի հեռուստա- և ռադիոալիքների միկրոֆոններ ասուլիսի ժամանակ, արխիվ

Արդեն երրորդ տարին է՝ դիմումների բացակայության պատճառով չի կայանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարած մասնավոր մուլտիպլեքսորի՝ հեռարձակման թվային ցանցի օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը։ Մի խումբ լրագրողական ՀԿ-ներ անպտուղ մրցույթի հիմնական պատճառը համարում են օրենքով սահմանված ոչ իրատեսական պայմանները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ եթե չլինեն օրենսդրական փոփոխություններ, հաջորդող տարիներին ևս մրցույթի մասնակցության ոչ մի հայտ չի լինի:

«Այն ժամանակ, իմ պատկերացմամբ, դա չէր արվում, որովհետև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի առջև մի այլ քաղաքական հանձնարարություն էր դրված՝ ստատուս քվոն պահպանելը, վերահսկելի ոլորտը պահպանելը, նոր խաղացողներ մտնելու դեմը առնելը և այլն: Որովհետև այլ կերպ անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է բոլոր հեռարձակող լրատվամիջոցները խցկվեին մի պետական մուլտիպլեքսում, և որևէ մասնավոր մուլտիպլեքսի համար այնպիսի պայմաններ առաջադրելն էր, որ որևէ մեկը իհարկե չի ուզենա։ Մեր հարևան Վրաստանում պետական մուլտիպլեքսը ստեղծելուն զուգահեռ, երբ որ անցում էր կատարում անալոգայինից թվային հեռարձակման, երեք մասնավոր մուլտիպլեքսներ ստեղծեցին» , - ասաց Մելիքյանը։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենք ևս ընդունում են, որ գործող պայմանները գրավիչ չեն մասնավորի համար, բայց դրանք կարգավորվում են օրենքով, որի փոփոխության շուրջ աշխատանքները ընթացքի մեջ են: Գործող օրենքով մասնավոր մուտիպլեքսորի համար պետական տուրքը կազմում է 100 մլն դրամ, բացի այդ՝ կա պայման, որ մասնավորի ծածկույթը պետք է պետականից փոքր չլինի, ինչը լուրջ ծախսեր է ենթադրում, օրենքում այս և այլ կետերի փոփոխությունը արդեն քննարկվել է փոխվարչապետի հետ և նախապատրաստվում է փոփոխությունների փաթեթ։

Հարցին՝ ինչո՞ւ ավելի շուտ չարվեց, և այստեղ կա՞ քաղաքական գործոն, թե՞՝ ոչ, Տիգրան Հակոբյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ՝ այո։ Չմոռանանք, որ հեղափոխությունը եղել է ընդամենը յոթ ամիս առաջ, մինչև այդ, նորից եմ կրկնում, իմ ենթադրությունն է չնայած, որովհետև այդ օրենքը ընդունելուց այսօրվա կազմից գրեթե ոչ մեկ չկար հանձնաժողովում, այստեղ նաև, իմ կարծիքով, նպատականահարմար էին գտնում պահպանել պետական մուլտիպլեքսի մենաշնորհը»։

Օրենսդրական փոփոխության հնարավոր ժամկետ ՀՌԱՀ-ից նշում են աշունը, քանի որ փոփոխությունները ավելի արմատական են: Մինչև այդ շարունակելու են անորոշության մեջ գտնվել մարզերում գործող մոտ մեկ տասնյակ հեռուստաընկերությունները, որոնք ժամանակին մրցույթների հետևանքով դուրս են մնացել թվայնացման գործընթացից, բայց մասնավոր մուտիպլեքսորի բացակայության պատճառով դեռևս աշխատում են անալոգային տիրույթում:

«Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը վստահ է՝ ժամանակը իրենց դեմ է աշխատում:

«Օրեցօր պակասում է, նվազում է մեր լսարանի քանակը, որովհետև Հայաստանի քաղաքացիները օրեցօր միանում են թվային ցանցին, թվային հեռարձակմանը։ Ամենակարևորը, որ ես պատրաստվում էմ բարձրաձայնել, քաղաքական, կուսակցական հեռուստատեսությունների խնդիրն էլ պետք է օրենքում դրվի, վերանայվի, որովհետև մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեդիադաշտում, գոնե ընտրություններին», - ասաց Նարինե Ավետիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG