Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայային ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել


Նատալյա Վեսելնիցկայա, արխիվ
Նատալյա Վեսելնիցկայա, արխիվ

Միացյալ Նահանգների 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի թիմի անդամների հետ գաղտնի հանդիպում ունեցած ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայան ԱՄՆ-ում մեղադրվում է բոլորովին այլ գործով, որը, սակայն, ըստ նախաքննական մարմնի, ապացուցում է նրա կապերը Կրեմլի հետ:

Նյու Յորքի դաշնային դատարանը Վեսելնիցկայային մեղադրում է 230 միլիոն դոլար լվանալու գործի հետաքննությունը խոչընդոտելու մեջ: Անօրինական խոշոր գումարները լվացվել են Կիպրոսում գրանցված Prevezon Holdings ընկերության միջոցով: Վաշինգտոնը դիմել էր Մոսկվային գործի հետաքննությանը օժանդակելու համար, սակայն բացասական պատասխան էր ստացել:

Ռուսական կողմի այդ պատասխանը կազմվել է Վեսելնիցկայայի օգնությամբ: Ենթադրվում է, որ նա համագործակցել է Ռուսաստանի գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

2017 թվականին Prevezon Holdings-ը համաձայնել էր 6 միլիոն դոլարի տուգանք վճարել ԱՄՆ-ին՝ առանց ընդունելու հարկային մեքենայությունների, փողեր լվանալու մեղադրանքը: Ամերիկացիները, իրենց հերթին, հայտարարել էին, որ այդ ընկերությունը Ռուսաստանում փողերի լվացմամբ չի զբաղվել:

Prevezon Holdings ընկերության սեփականատերը Ռուսաստանի երկաթուղային ընկերության փոխնախագահի որդին էր, իսկ ընկերության փաստաբանը՝ Նատալյա Վեսելնիցկայան: Այդ ընկերության միջոցով փողերի լվացման, հարկային, ֆինանսական մեքենայությունների քայլերի մասին առաջինը հաղորդել էր փաստաբան Սերգեյ Մագնիտսկին: Վերջինիս Ռուսաստանի իշխանությունները ձերբակալեցին 2009-ին, և նա մահացավ բանտում:

2012-ին ԱՄՆ-ում ընդունվել է Մագնիտսկու ցուցակի մասին օրենքը, որը պատժամիջոցներ է սահմանում իրավաբանի մահվան գործին առնչություն ունեցած ռուսաստանցի պաշտոնյաների, չինովնիկների նկատմամբ, իսկ հետո օրենքը ավելի ընդլայնվեց՝ ներառելով ընդհանրապես հիմնարար ազատությունների դեմ բռնաճնշումներ կատարողներին ամբողջ աշխարհում:

Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նատալյա Վեսելնիցկայայի հետ հանդիպել էին Դոնալդ Թրամփի որդին, փեսան և նախընտրական շտաբի նախկին ղեկավարը: Այդ հանդիպմանը Վեսելնիցկայան ենթադրաբար պետք է նրանց փոխանցեր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր: Ավելի ուշ Դոնալդ Թրամփի որդին ասել էր, թե այդ հանդիպումը ոչ մի օգտակար բան չի տվել, իսկ Նատալյա Վեսելնիցկայան պնդում էր, որ ինքը մասնավոր փաստաբան է և Կրեմլի, Ռուսաստանի իշխանությունների հետ կապեր չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG