Մատչելիության հղումներ

Վեսելնիցկայան խոստովանել է, որ համագործակցել է Չայկայի հետ


Ռուսաստանցի փաստաբան Նատալյան Վեսելնիցկայա, արխիվ
Ռուսաստանցի փաստաբան Նատալյան Վեսելնիցկայա, արխիվ

Ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայան, ով ամերիկյան նախագահական ընտրարշավի ժամանակ հանդիպել է Դոնալդ Թրամփ կրտսերի և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականների հետ, սերտորեն համագործակցել է Ռուսաստանի՝ վերջերս պաշտոնանկ արված նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ: Այս մասին ամերիկյան NBC հեռուստաընկերության հետ զրույցում խոստովանել է ինքը Վեսելնիցկայան:

Ռուսաստանցի փաստաբանը լայն հանրությանը հայտնի դարձավ անցյալ տարի՝ որպես անձ, ով Դոնալդ Թրամփի որդուն խոստացել էր Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր տրամադրել: Ամերիկյան մամուլը գրել է, որ ռուսաստանցի փաստաբանը, այդուհանդերձ, Թրամփի թիմակիցների հետ հանդիպումների ընթացքում չի ներկայացրել նման նյութեր, փոխարենը՝ քննարկել է ռուսաստանցիների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հարցը:

Թրամփի քննադատները այդ հանդիպումը կասկածելի են համարում՝ պնդելով, որ դա վկայում է Կրեմլի կողմից ամերիկյան ընտրություններին հնարավոր միջամտության մասին:

Վեսելնիցկայան, իր հերթին, հերքում էր այդ պնդումները՝ հավաստիացնելով, թե չունի կապեր Ռուսաստանի բարձր ղեկավարության հետ: Սակայն NBC-ի հետ զրույցում նա ինքն իրեն անվանել է Ռուսաստանի գլխավոր դատախազության «ինֆորմատոր»: «2013 թվականից սկսած ես ակտիվ շփումներ եմ ունեցել Գլխավոր դատախազության հետ», - խոստովանել է Վեսելնիցկայան:

Այս հայտարարությունը հաջորդում է նրա և ՌԴ գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների միջև էլեկտրոնային նամակագրության բացահայտմանը: Ինչպես գրում է NBC-ն, այդ նամակագրությունից պարզ է դառնում, որ «փաստաբանը Կրեմլում ազդեցություն ունեցող անձ է», և այդ «նամակագրությունը հակասում է նրա պնդումներին, թե Թրամփի խորհրդականների հետ հանդիպումների ժամանակ գործել է որպես մասնավոր փաստաբան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG