Մատչելիության հղումներ

Գազային կախվածությունը Կրեմլի համար մշտապես եղել է քաղաքական զենք. քաղաքագետ


Գազային կախվածությունը հետխորհրդային պետությունների, ըստ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի, Կրեմլի համար մշտապես եղել է քաղաքական զենք։

Կրեմլի կողմից ճնշումների մի մեծ ալիք, Սաֆարյանի խոսքով, եղել է նաև մինչև 2013 թվականը։

«Ճնշումների մի մեծ ալիք Կրեմլի կողմից, այդ թվում՝ ոչ միայն հայկական ուղղությամբ, այլ նաև արևելաեվրոպական ուղղությամբ՝ Բելառուս, Ուկրաինա, այդպիսի գազային պատերազմներ ունեցանք մինչև 2013 թվականը՝ 2011-2012։ Կհիշեք, հավանաբար, Ուկրաինայի տարածքով տրանզիտի պատմությունները, սառելու խնդիրները, այդ թվում՝ Եվրոպայի, շանտաժի գործիք է եղել այն մշտապես, և 2012 թվականից այդ նույն շանտաժի գործիքն աշխատեցվեց նաև Հայաստանի դեմ. Կրեմլը շատ պարզ 2012-2013 թվականներին, այդ թվում և բաց՝ ի լուր աշխարհի, հայտարարեց՝ «ովքեր ցանկանում են, որ Ռուսաստանն իրենց որևէ ապրանքատեսակ՝ գազ, սպառազինություն կամ չգիտեմ ինչ վաճառի ներքին գներով, ապա դա անելու տարբերակը Եվրասիական տնտեսական միությանը միանալն է», - ասաց քաղաքագետը։

Սաֆարյանը հիշեցրեց՝ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Հայաստան, Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարվեց՝ Հայաստանին ԵԱՏՄ անդամակցության դիմաց տրամադրվելու են զեղչային գներ, այդ թվում՝ էներգակիրների հետ կապված։

«Հայտարարվեց հետևյալը, որ գազային պայմանագրերը, և ոչ միայն գազայինի մասին էր խոսքը` խոսքը վերաբերում էր նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում սպառազինությունների վաճառքին, այդ խնդիրը նույնպես երբեմն-երբեմն դառնում է քննարկման առարկա, որ մենք եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, ապա չենք կարող ներքին գներով սպառազինություն առնել, գին է թանկանում, բայց նավթամթերքները և գազամթերքները, 2013 թվականին բարձր մակարդակով Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, եղել է հետևյալը, որ Հայաստանին ԵԱՏՄ անդամակցության դիմաց տրամադրվելու են այդպիսի զեղչային գներ, այդ թվում՝ էներգակիրների հետ կապված», - ասաց Սաֆարյանը։

Հարցին, թե հիմա սա նո՞ւյն քաղաքականությունն է, ինչ Կրեմլն անում է Ուկրաինայի նկատմամբ, քաղաքագետը պատասխանեց. - «Այո, ակնհայտորեն հիմա էլ մենք դիմակայում ենք երկրորդ ալիքին, բայց այստեղ հենց այդ ալիքին դիմակայելու համար, ես ինչու ասացի, որ կառավարությունն, իմ կարծիքով, սխալ է վարվում, որովհետև Հայաստանը հինգ տարով չի մտել ԵԱՏՄ, եթե պայմանավորվածությունը ձեռք է բերվում, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցության դեպքում Հայաստանը հետայսու ձեռք է բերելու Ռուսաստանի ներքին գներով ապրանքներ և ծառայություններ, այդ թվում և՝ գազամատակարարման ոլորտում, հետևաբար պետք էր հիշեցնել, որ դա եղել է Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունների ձեռք բերված պայմանավորվածությունը»։

Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը բարձրացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը. 2019-ի հունվարի 1-ից սահմանին 1000 խորանարդ մետր գազի դիմաց 150 դոլարի փոխարեն Հայաստանը վճարում է 165 դոլար: Այս գինն ու ժամկետը սահմանված էին 2013 թվականին ստորագրված պայմանագրով:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG