Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի մտավորականները Ալիևին կոչ են անում ազատ արձակել հացադուլավոր քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովին


Մեհման Հուսեյնով, արխիվ:
Մեհման Հուսեյնով, արխիվ:

Դեկտեմբերի 26-ից հացադուլի մեջ գտնվող ադրբեջանցի քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ:

«Այսօր ես հանդիպել եմ Մեհման Հուսեյնովի հետ: Նրան հիվանդանոց չեն տեղափոխել, և նա շարունակում է պահվել Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում: Հուսեյնովի հետ հանդիպել են օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները, նրան նաև բժիշկ է այցելել: Մեհմանն ասել է, որ սուր ստամոքսացավերի պատճառով սկսել է կաթ և կաթնամթերք օգտագործել», - նշված է Հուսեյնովի փաստաբան Շահլա Գումբատովայի՝ երկուշաբթի ուշ երեկոյան տարածած հայտարարության մեջ:

Turan գործակալության տվյալներով, մի քանի ժամ առաջ կալանավայրում գտնվող ակտիվիստին է այցելել նաև նրա հայրը` խնդրելով դադարեցնել հացադուլը:

«Նա շատ թույլ էր և քնատ», - նշել է Ռաֆիգ Հուսեյնովը` ներկայացնելով ավելի քան մեկ ժամ շարունակված հանդիպումից իր տպավորությունները:

Հիշեցնեմ, որ 2017-ին ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստ և վիդոբլոգեր Մեհման Հուսեյնովը հացադուլ սկսեց դեկտեմբերի 26-ին` այն բանից հետո, երբ նրա դեմ նոր քրեական գործ հարուցվեց: Հուսեյնովին կասկածում են քննչական մեկուսարանի աշխատակիցներից մեկին ծեծի ենթարկելու մեջ: Քաղբանտարկյալի խոսքով, սակայն, այդ մեղադրանքը ամբողջությամբ շինծու է: Եթե հարուցված այս նոր քրեական գործի շրջանակներում Մեհման Հուսյենովը մեղավոր ճանաչվի, ապա նրան 3-7 տարվա ազատազրկում է սպառնում: Նշեմ, որ առաջին մեղադրանքի հիման վրա կայացված դատավճռի ժամկետը ավարտվում է մի քանի ամսից:

«Երբ ես նրան վերջին անգամ հանդիպեցի՝ մինչև նոր մեղադրանքի առաջադրումը, Մեհմանը պատժաչափի ավարտին մնացած շաբաթներն ու ամիսներն էր հաշվում», - Meydan TV-ի հետ զրույցում նշել է ընդդիմադիր ակտիվիստի հայրը` ընդգծելով, որ չի հավատում ներկայացված նոր մեղադրանքին․ - «Իմ որդին շատ հանգիստ մարդ է, նա ո՛չ մարզիկ է, ո՛չ էլ կռվարար մեկը»:

Ընդդիմադիր REAL շարժման անդամ, նախկին քաղբանտարկյալ Ռասուլ Ջաֆարովի խոսքով, քաղբանտարկյալների դեմ նոր մեղադրանքներ առաջադրելով նրանց պատժաչափի փաստացի երկարաձգումը վերջին տարիներին բավական տարածված երևույթ է դարձել:

«Երբ նման փակ վայրում, ինչպիսին բանտն է, քրեական գործեր են հարուցվում, դատավորները պետք է շատ զգուշորեն գործեն, լսեն դատավարության բոլոր կողմերին: Ադրբեջանում սակայն լիովին հակառակ պատկերն է: Դատավորները հաշվի են առնում միայն մեղադրող կողմի փաստարկները», - նշում է Ջաֆարովը:

Մեհման Հուսեյնովի հացադուլի շուրջ վերջին զարգացումները բավական բուռն արձագանքի են արժանացել թե՛ Բաքվի ընդդիմադիր շրջանակներում և թե՛ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում: Երեկ Հուսեյնովի դեմ նոր մեղադրանքը չեղարկելու կոչով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Դունյա Միյատովիչը:

Հուսեյնովի դեմ հալածանքներին վերջ տալու կոչով իշխանություններին դիմում են նաև ադրբեջանական մտավորականության որոշ ներկայացուցիչներ:

«Մեհման Հուսեյնովի շուրջ ծավալված իրադարձությունները անհնարին է մարսել, անհնարին է հասկանալ, թե ում և ինչու է հաճույք պատճառում մարդկանց տանջելը», - նշում է արձակագիր Աքրամ Այլիսլին Meydan TV կայքին տված հարցազրույցում՝ հավելելով․ - «Մեհմանը պետք է ապրի, նա դեռ շատ երիտասարդ է, նա դեռ պետք է ընտանիք կազմի: Լավ կլինի, եթե նա դադարեցնի հացադուլը»:

«Երբ զառանցանք հիշեցնող քրեական գործ է հարուցվում ութսունամյա Աքրամ Այլիսլիի դեմ, դա հաշվերահարդար է մեր անցյալի հանդեպ: Երբ մահվան են դրդում Մեհման Հուսեյնովին, դա արդեն մեր ապագայի ոչնչացումն է», - Իլհամ Ալիևին ուղղված հայտարարության մեջ նշել է գրող, սցենարիստ և ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը:

Հավելեմ նաև, որ «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում շարունակվում է մի շարք ընդդիմադիր ակտիվիստների հացադուլը՝ ի պաշտպանություն Մեհման Հուսեյնովի: Առաջիկա շաբաթ օրն էլ «Մուսավաթը» ի պաշտպանություն Մեհման Հուսեյնովի բողոքի ցույց կանցկացնի Բաքվում: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին:

XS
SM
MD
LG