Մատչելիության հղումներ

Ուկրաինայի «նոր եկեղեցու» առաջնորդը Սուրբ Ծննդյան առաջին պատարագը մատուցեց Կիևում


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Ուկրաինական եկեղեցու առաջնորդ Եպիֆանիոսը ձեռքերում պահել են Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքի ստորագրած «տոմոսը», Կիև, 7-ը հունվարի, 2019թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Ուկրաինական եկեղեցու առաջնորդ Եպիֆանիոսը ձեռքերում պահել են Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքի ստորագրած «տոմոսը», Կիև, 7-ը հունվարի, 2019թ․

Այսօր Ուկրաինայի «նոր եկեղեցու» առաջնորդ Եպիֆանիուսը Սուրբ Ծնունդի առաջին պատարագն է անցկացրել Կիևի Սուրբ Սոֆիա տաճարում, որին մասնակցել է նաև երկրի ղեկավար Պետրո Պորոշենկոն։

Ուկրաինական եկեղեցու անկախացումը Ռուսական ուղղափառ եկեղեցուց Մոսկվայում ցավոտ են ընդունում, մերժում են այն, Ռուսական ուղղափառ եկեղեցին այս անջատումը արդեն կոչել է Ուղղափառ եկեղեցու պատմության սև, ողբերգական էջ։

Երեկ Ստամբուլում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին է հանձնվել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի կողմից ստորագրված հրովարտակը՝ «տոմոսը»՝ Ուկրաինայի եկեղեցուն ավտոկեֆալիա, այլ կերպ ասած՝ անկախություն շնորհելու մասին:

Փաստաթուղթը, որը ստորագրվել է նախօրեին, հանձնվել է հատուկ ծիսակատարության ժամանակ, որին ներկա են եղել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, ուկրաինական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքական գործիչներ, Թուրքիայի ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ:

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին դեռ հոկտեմբերին ամբողջությամբ խզել է միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ՝ այն բանից հետո, երբ Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը չեղյալ հայտարարեց 17-րդ դարում ընդունված որոշումը, որով ուկրաինական եկեղեցին անցնում էր Մոսկվայի հովանու ներքո:

Մոսկվայում ուկրաինական եկեղեցու անջատումը ընկալում են որպես այսպես կոչված «ռուսական աշխարհի» պառակտում։ Քանի դեռ կար Մոսկվայի Պատրիարքարանին ենթարկվող Ուկրաինական ուղղափառ եկեղեցին, ուկրաինական ժողովուրդը Մոսկվայում մեծ հաշվով ընկալվում էր որպես ռուս ժողովրդի մի մաս։

Ստամբուլում երեկ տեղի ունեցած ծիսակատարության ժամանակ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր. - «Սա Ուկրաինայի փաստացի անկախության ևս մեկ քայլ էր, որը ավարտին է հասցնում ուկրաինական պետության անկախությունը, ամրապնդում է կրոնական ազատությունը և միջկրոնական համերաշխությունը երկրում»։ Պորոշենկոն նաև հավաստիացրել է, թե ինքը՝ որպես Ուկրաինայի նախագահ, երաշխավորում է, որ Ուկրաինան հարգելու է երկրի յուրաքանչյուր քաղաքացու կրոնական ընտրությունը։

Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլն այսօր «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե այն, ինչ տեղի է ունեցել, վկայում է, որ եվրոպական արժեքների մասին հայտարարող Ուկրաինայի իշխանությունները իրականում ակնհայտ խառնվում են եկեղեցու գործերին։

Անկախ փորձագետներն էլ գրում են, որ ուկրաինական «տոմոսի» արդյունքում արդեն առաջիկա տարիներին պարզ կերևա Ռուսական եկեղեցու մեկուսացումը ուղղափառ աշխարհից, ինչը չափազանց ցավոտ է Մոսկվայի համար։ Ռուսաստանը հարյուրամյակներ շարունակ աշխարհին էր ներկայանում որպես ուղղափառ քրիստոնեական աշխարհի պահապան և առաջնորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG