Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը այս ամիս կայցելի Ռուսաստան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կայցելի Ռուսաստան: Այս մասին երեկ հայտնել է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Էրդողանի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, հաստատել է այս լուրը՝ հավելելով, որ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը իսկապես մտադիր են առաջիկայում բանակցություններ անցկացնել, սակայն կոնկրետ օրը դեռ չեն համաձայնեցրել:

Դեկտեմբերի վերջին պաշտոնական Մոսկվա և Անկարան քննարկել էին Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցերը 2+2 ձևաչափով բանակցություններում՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ:

Ռուսաստանը և Թուրքիան հայտարարում են, որ շարունակելու են ակտիվ աշխատանքն ու գործողությունների համակարգումը Սիրիայում:

Արդեն կարելի է ասել, որ Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման օրակարգում հիմնական հարցերն են լինելու Սիրիային և ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը, մասնավորապես՝ C-400 (S-400) հրթիռային համակարգերի վաճառքի հարցը:

Միացյալ Նահանգները Թուրքիայից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետությունից, պահանջում է չեղարկել Ռուսաստանի հետ C-400-ների գործարքը և փոխարենը գնել Patriot համակարգերը:

Սակայն հիմնականը ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում այսօր, իհարկե, Սիրիան է, որտեղ Անկարան լուրջ տարաձայնություններ ունի թե՛ Մոսկվայի և թե՛ Վաշինգտոնի հետ:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը երեկ հայտարարել է, թե Միացյալ Նահանգները Սիրիայից զորքը դուրս կբերի միայն այն ժամանակ, երբ տարածաշրջանում ամերիկացիների դաշնակից քրդերի անձեռնմխելիության երաշխիք կստանա Թուրքիայից:

Բոլթոնն ընդգծել է, որ Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն Սիրիայի տարածքում պետք է համաձայնեցվի Միացյալ Նահանգների հետ:

Տարեվերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տապալված է, և ժամանակն է, որ շուրջ 2 հազար ամերիկացի զինծառայողները Սիրիայից տուն վերադառնան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG