2006 թվականից ի վեր առաջին անգամ, անցած տարի Հայաստան ավելի շատ մարդ է ժամանել, քան մեկնել է երկրից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ - «2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է պլյուս 20 հազար 713։ Այսինքն, Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից: Նախորդ տարվա ցուցանիշը մինուս 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից: Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք պլյուս 10 հազարով: Փաստորեն, ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավելի են»:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը երկու պատճառ նշեց, որ կարող են հագեցնել նման դրական դինամիկայի: Առաջինն, անշուշտ, 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն է: «Պատճառները փորձենք հասկանալ՝ ի՞նչն փոխվել: Այդ միգրացիոն գործընթացը ձևավորվում է վանող գործոնների և ձգող գործոնների արդյունքում: Հիմա, վանող գործոններից փոփոխություն տեղի է ունեցել միայն, իմ գնահատմամբ՝ արդեն որպես փորձագետի, միայն բարոյահոգեբանական առումով, տնտեսական առումով և մնացած բոլոր առումներով փոփոխությունները նման էական չեն եղել, որպեսզի կարողանային կանխորոշել նման արդյունքներ», - ասաց ժողովրդագիրը:
Ըստ Եգանյանի՝ հաջորդ պատճառը Ռուսաստանում իրավիճակի վատացումն է: «Մյուս կողմից՝ մեր միգրացիոն գործընթացները տեղի են ունենում ներքին գործոնների և արտաքին գործոնների հաշվին: Ուրեմն՝ ներքին գործոնները մեր սոցիալ-տնտեսական իրողություններն են, արտաքին գործոնները ընդունող երկրների իրավիճակներն են: Այս առումով՝ կարծում եմ, որ ընդունող երկրների իրավիճակների փոփոխությունները պետք է որ նպաստեին, համենայն դեպս, արտահոսքի ծավալների կրճատմանը, որովհետև մեր հիմնական միգրացիոն պարտնյորը, գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ իրավիճակը, համենայն դեպս, չի բարելավվում, եթե չասենք, որ ինչ-որ չափով տարեցտարի կարծես թե վատանում է», - նշեց փորձագետը՝ մանրամասնելով. - «16 և 17 թվերի միջակայքում, նույնիսկ 15-16 թվերի միջակայքում, ռուսաստանյան միգրանտների եկամուտները առնվազն կրկնակի և ավելի անգամ նվազել էին: Հիմա կարելի է ենթադրել, որ այդ նվազման միտումը շարունակվում է, և այդ նվազման պատճառով, Ռուսաստանում վաստակների խիստ պակասման պատճառով նվազել է դեպի Ռուսաստան հոսքի մեծությունը»:
Չնայած ըստ Միգրացիոն ծառայության 2004, 2005, 2006 թվականներին Հայաստանը դարձյալ ունեցել է դրական սալդոյով սահմանահատման թվեր, այսինքն՝ այդ երեք տարիներին երկիր ավելի շատ մարդ է մտել, քան՝ դուրս եկել, և երեք տարվա ընդհանուր թիվը կազմել է 36 հազար 400, սակայն նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության քսան տարիներին՝ 1998-2017 թվականներին Հայաստանից մեկնել է 502 հազար մարդ: Ավելի քան կես միլիոն մարդ լքել է Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին:
Այն, որ ժողովրդագրական խնդիրը Հայաստանի համար ձեռք է բերել առաջնային նշանակություն, չէին թաքցնում անգամ նախկին իշխանությունները: Այս խնդրից է խոսում նաև նոր իշխանությունը: Անցած տարվա նոյեմբերի 23-ին Երևանում կայացած տնտեսական գիտաժողովի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե խնդիրը մտադիր են լուծել նաև ներգաղթի միջոցով:
«Ժողովրդագրական խնդիրը մեր ամենակարևոր խնդիրն է, և այդ խնդրի լուծման առումով, ես համաձայն եմ, եթե զուտ մենք սա դնենք բնական աճի տրամաբանության մեջ, այդ խնդիրը, եթե նույնիսկ հիմա շատ մեծ հաջողություններ ունենանք, 15-20 տարի հետո նոր կլուծվի, որովհետև մի տարի հետո ծնված երեխան չափահաս կդառնա ամենաշուտը 18 տարուց: Եվ այս առումով, իսկապես շատ կարևորում ենք ներգաղթի գաղափարը, որը շատ կարևոր գաղափար է: Եվ մենք ներգաղթը նկատի չունենք զուտ մարդկանց ֆիզիկական տեղափոխություն, այստեղ մենք հույս ունենք, որ ներգաղթ ասելով նկատի կունենանք, իրականության մեջ կտեսնենք նաև կապիտալի ներգաղթ, կտեսնենք նաև նոր կուլտուրայի ներգաղթ, որովհետև մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը նոյեմբերյան գիտաժողովի ժամանակ: