Ռուսաստանի քննչական կոմիտեն այսօր հաղորդել է, որ Մագնիտոգորսկի միջադեպի ահաբեկչության ապացույցներ չկան՝ հերքելով մամուլի երեկվա որոշ հրապարակումները:
Մասնավորապես Znak.com կայքի աղբյուրներն ասել էին, թե բնակարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, նախօրեին մի տղամարդ էր վարձակալել, և որ այնտեղ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել: Քննչական մարմինը պնդում է, որ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:
Պաշտոնական վարկածով՝ բնակելի շենքը մասնակի փլուզվել է գազի պայթյունի հետևանքով:
Դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 19-ի: Մոտավորապես 30 մարդու ճակատագիրն անհայտ է:
Չելյաբինսկի մարզում այսօր սգո օր է հայտարարվել: