Մատչելիության հղումներ

Տարվա գրական անցուդարձը խիստ բազմազան էր


Հայաստան - Գրքի երևանյան փառատոնը՝ Book Fest-ը, արխիվ

Գաղտնիք չէ, որ ներկայումս հայ ժամանակակից գրականությունը նախկինի նման մասսայական ընթերցող չունի, բայց իհարկե ընթերցող միշտ կա՝ հատկապես գրական, մասնագիտական և երիտասարդության շրջանակներում:

Ինչպիսի՞ն էր 2018 թվականը գրականության ոլորտում, ի՞նչ ձեռքբերումներ ունենք, ի՞նչ խնդիրներ դեռ հաղթահարված չեն․ այս հարցերի շուրջ զրուցեց «Ազատություն»-ը երիտասարդ գրականագետներ, գրաքննադատներ Արմեն Ավանեսյանի, Հայկ Համբարձումյանի ու Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

Արմեն Ավանեսյանի համոզմամբ՝ տարվա գրական անցուդարձը խիստ բազմազան էր: «Տարբեր տեսակի նոր մրցանակաբաշխություններ եղան, բաներ եղան, տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվեցին: Բայց որ ասենք՝ տարվա մեջ իրոք լավ գրքեր լույս տեսան, դա փաստ է: Ճիշտ է՝ դրանք եղան անհատական նախաձեռնություններով կամ հրատարակչությունների նախաձեռնություններով, և ցավալի է, որ Մշակույթի նախարարությունը կարծես թե գրքից ընդհանրապես զերծ մնաց: Բայց նախորդ տարվա ծրագրերը իրականացվեցին, և լավ գրքեր լույս տեսան, որոնց մեջ շատ արժեքավոր է հատկապես Սեյրան Գրիգորյանի «Պարույր Սևակը և համաշխարհային պոեզիան» մենագրությունը, որը մնայուն արժեք է մեր գրականագիտության մեջ, մեր ընդհանրապես մշակութային կյանքում», - ասաց գրականագետը՝ շարունակելով․ - «Հուսով եմ՝ դեռևս եկող տարի կվերանայվի, և Մշակույթի նախարարությունը Book Fest-ից զատ այլ ծրագրեր ևս կիրականացնի»:

Ավանեսյանը շատ դրական է գնահատում նաև Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2018-ին մեկնարկած «Իմ արվեստը դպրոցում» ծրագիրը, որին նաև մի շարք գրողներն են մասնակցում և ֆինանսավորվում նախարարության կողմից: «Գրողները հանդիպումներ են ունենալու՝ 30 տարբեր դպրոցներում ամեն գրող, բավականին շատ գրողներ ընդգրկվեցին էդ ծրագրում և ներկայացնելու են գրականությունը: Սա ևս քայլ է: Պետք է հանրահռչակման աշխատանքներ կատարվեն, որպեսզի հանրությունը իմանա, որ քաղաքականությունից զատ մշակույթ կա, և մշակութային կյանքով պետք է ապրել և ոչ միայն քաղաքականացված իրականությամբ», - ընդգծեց նա:

Գրողների մի մասը համոզված է, որ գիրքը ընթերցողին հասցնելու համար բոլորովին գրականագետի կամ գրաքննադատի կարիք չկա, բայց մյուս մասն էլ համոզված է, որ գրքի լավագույն հանրահռչակումը հենց գրականագետներն ու գրաքննադատները պիտի անեն, և հաճախ մեղադրում են նրանց իրենց գրականության հանդեպ անտարբերության համար: Ինչո՞ւ գրաքննադատները առավել պարբերաբար հոդվածներ չեն գրում՝ անդրադառնալով հայ ժամանակակից գրական ստեղծագործություններին, ինչո՞ւ է, կարծես թե, անտեսվում նրանց կողմից այսօր ստեղծվող գրականությունը:

Հայկ Հարությունյանը այդ առնչությամբ ասաց․ - «Դե, երևի էդ դժգոհությունը որոշակի հիմքեր ունի, իհարկե, որովհետև գրողները շատ են, կամ գրող մարդիկ են շատ, որոնք սիրում են գրել, և գրականագետները շատ քիչ են և մեծ մասամբ էլ ծանրաբեռնված են գիտական, հասարակական, երբեմն նույնիսկ՝ արդեն քաղաքական գործունեությամբ: Այսինքն, էս բոլոր դաշտերը և նաև կեցության պայմաններ ապահովելու հարցերը գրականագետներին ուղղակի կտրում են արդի գրականությանը հաճախակի անդրադառնալու հնարավորությունից»:

Արքմենիկ Նիկողոսյանը, իր հերթին, ասաց․ - «Ես երկու հարցադրում կանեմ՝ հարցը ո՞ր կողմից ենք նայում: Եթե անդրադարձների տեսքով է բուն գրաքննադատական, այո, համաձայն եմ՝ քիչ են, և դա ունի նաև օբյեկտիվ պատճառներ՝ գրաքննադատների չվճարվելը, դա որպես հավելյալ գործ դիտելը, շատ հաճախ՝ անլուրջ մոտեցումը շատերի կողմից: Բայց ես ուզում եմ մեկ այլ հարցի վրա ուշադրություն հրավիրել՝ բոլորը նկատել են, որ վերջին երեք, չորս, հինգ տարիների ընթացքում չափից ավելի, նախկինից ավելի, ավելի շուտ, ուշադրություն կա ժամանակակից գրականության հանդեպ՝ ավելի շատ են գրքեր տպագրվում, էսօր ժամանակակից գրողը նաև հայտնի ֆիգուր է հասարակության մեջ՝ շատերը, և դա ո՞ւմ շնորհիվ է: Եթե մարդիկ վերլուծեն, ապա կտեսնեն, որ չգրած հատվածը իրենց ստեղծագործական ներուժի մի քանի քննադատներ ուղղորդել են ահա գրահրատարակչական գործին, էդ գրողներին տարբեր հարթություններում նրանց գրքերը ներկայացնելու գործին: Այսինքն՝ էն հայտնիությունը և մակարդակը, որ էսօր կա ժամանակակից գրականության հետ կապված, ապահովել են էլի գրաքննադատները՝ տարբեր հրատարակչություններում»:

«Իսկ ինչ վերաբերում է բուն անդրադարձներին՝ ես կարծում եմ, որ իսկապես կուտակվել է վերլուծելու, գրելու, հետազոտելու շատ առատ նյութ, և եթե մեր պետության գործերն էլ լավ լինեն, սոցիալական վիճակը մի քիչ բարելավվի, և գրաքննադատը նաև գնահատվի ըստ արժանվույն, կգրվեն, կվերլուծվեն: Պարզապես վախենում եմ՝ շատերին հաճելի չլինի դա արդեն», - ընդգծեց Նիկողոսյանը:

Տարվա գրական անցուդարձը խիստ բազմազան էր
please wait

No media source currently available

0:00 0:08:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG