Մատչելիության հղումներ

Պեսկովը հաստատել է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանի Նոր տարին


Վլադիմիր Պուտին և Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Վլադիմիր Պուտին և Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա կապակցությամբ:

«Ճիշտ է [շնորհավորել է]... [նամակում] շնորհավորանքներ էին Նոր տարվա կապակցությամբ և ամենայն բարիքի մաղթանքներ», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողի հարցին ի պատասխան ասել է Պեսկովը:

Վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի՝ նախկին նախագահի ոչ պաշտոնական 2rd.am կայքը այսօր հաղորդել է. - «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին, Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է մաղթել»։

Հայաստանի նախկին նախագահը ներկայումս կալանքի տակ է, նա «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

Ռուսաստանի նախագահի խոսնակը ավելի վաղ ասել էր, թե Պուտինին և Քոչարյանին երկար տարիներ կապում են լավ հարաբերություններ, «որոնք ենթակա չեն Հայաստանում տեղի ունեցող ինչ-ինչ իրադարձությունների ազդեցությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG