Մատչելիության հղումներ

Քաղաքագետ․ Եթե փոփոխություն է եղել, պիտի վերանայվի ամեն ինչ


Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Կրեմլում: 27֊ը դեկտեմբերի, 2018

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երեկ Մոսկվայում Փաշինյանն ու Պուտինը քննարկել են երկու պետությունների հարաբերությունների ռազմավարությունը, թե առաջիկայում ինչ տրամաբանությամբ պետք է զարգանան հայ-ռուսական հարաբերությունները, այլ ոչ թե կոնկրետ խնդիրներ:

Մանվել Սարգսյան
Մանվել Սարգսյան

«Եթե փոփոխություն է եղել, պիտի վերանայվի ամեն ինչ: Որովհետև էն ժամանակ, մենք բոլորս պարզ գիտենք, վասալային տրամաբանության մեջ եղել են հարաբերություններ: Հիմա, եթե նման հարաբերությունները հնարավոր չեն, ենթադրենք, բայց ի՞նչ հարաբերություններ պետք է լինեն: Պարտնյորների, չէ՞: Բայց պարտնյորների հարաբերությունների նախադեպեր մենք ունե՞նք Հայաստանում․․․ Երբևէ չի եղել», - ասաց Սարգսյանը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ Կրեմլում կայացած խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը», - Երևան վերադառնալուն պես ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը․ - «Կարող եմ արձանագրել, որ, ըստ էության, այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Բայց, մեծ հաշվով, այս քննարկումը մինչև այժմ եղած քննարկումների ամփոփումն էր մի տեսակ»:

Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշեց, որ Պուտինի հետ հանդիպմանը Ղարաբաղի հարցը չի քննարկվել, ՀԱՊԿ-ի վերաբերյալ եղել է կարճ քննարկում, գազի գնի հետ կապված որոշում չկա:

Մանվել Սարգսյանի մեկնաբանությունը․ - «Կոնկրետ հարցեր չեն քննարկել: Պիտի ընդհանուրի շուրջ համաձայնության գան, որից ելնելով էլ արդեն կոնկրետ հարցերը լուծումներ կստանան, կամ, ասենք, ընթացք կստանան: ՀԱՊԿ-ը շատ կոնկրետ վիճակ է․ Հայաստանի ղեկավարությունը կարծես թե հստակեցրել է, որ պիտի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցվեն՝ նման բարդ իրավիճակներից խուսափելու համար: Շատ հստակ ու պարզ է: Եվ ընդհանրապես պարզել՝ այդ երկրների հարաբերությունների իմաստը ո՞րն է, նրանց իսկապե՞ս ռազմավարական գործընկերներ են, թե՞ ոչ»:

Ստեփան Սաֆարյան
Ստեփան Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Մոսկվայում կայացած Փաշինյան - Պուտին հանդիպումը, փաստորեն, անարդյունք է ավարտվել․ - «Կարող եմ ասել, որ արդյունք չկա: Կա ընդամենը քննարկում: Իսկ թե ինչ ենք հասկանում ռազմավարական ուղղություններ կամ դրանց շուրջ ըմբռնում, ես կդժվարանամ որևէ գնահատական տալ, որովհետև, ըստ էության, անվտանգության ոլորտը, որտեղ մտնում է Լեռնային Ղարաբաղը, ՀԱՊԿ-ը՝ որպես մեր անվտանգության համակարգի ռեգիոնալ բաղադրիչ, և մնացած առումներով այլ հարցեր չեն քննարկվել»:

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Հատկանշական է, որ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո:

Մանվել Սարգսյան այս կապակցությամբ ասաց․ - «Ռուսաստանի համար դա նախկին իշխանությունների հետ կապված հարցերից մեկն է․ նախկին Պաշտպանության նախարարն է, ՀԱՊԿ-ի նախկին քարտուղարն է, Քոչարյանն է․․․ Ռուսաստանը կարծես թե փորձում է սատար կանգնել էդ մարդկանց: Իհարկե, դա ինչ-որ սկզբունքային քաղաքական գիծ չէ, բայց․․․ ցույց են տալիս, առնվազն ինչ-որ լծակներ են Հայաստանի հետ կոշտ խոսելու համար»:

Հարցին, թե ինչու, քաղաքագետն արձագանքեց․ - «Որովհետև էդ մարդիկ սովոր չեն, նրանք տասնամյակներ, հարյուրամյակներ խոսում էին հայերի հետ ուրիշ լեզվով»:

XS
SM
MD
LG