Դատավորների հասցեին հնչող ատելության խոսքը հատել է թույլատրելիության սահմանը, հայտարարում է Հայաստանի դատավորների միությունը:
«Հաշվի առնելով, որ վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատավորների միություն են դիմել միության անդամ հանդիսացող դատավորներ Զ. Նախշքարյանը և Դ. Բալայանը», Դատավորների միությունը հանդես է երեկ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Դատավորների միությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացարձակ արգելքն ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից: Այլ խոսքով՝ հնարավոր չէ խոսել իրավական, ժողովրդավարական պետության մասին, եթե չի ապահովվում դատական իշխանության անկախությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդեցությունից:
Դատավորների միությունը հարկ է համարում նշել, որ դատավորների անկախության վրա արտաքին ազդեցության դրսևորում է համարվում նաև հասարակության կողմից դատական իշխանության վրա ճնշումներ գործադրելը տարբեր գործերի կապակցությամբ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
<...>
Դատավորների միությունն անառարկելի ճշմարտություն է համարում այն, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է: Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին, քանի որ իրենց ստանձնած պաշտոնից բխող կարգավիճակով պայմանավորված՝ դատավորները բավականին խոցելի են հասարակական քննադատությունների նկատմամբ»:
Դատավորների միությունն ընդգծում է որ բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերով կարևորվում է դատական իշխանության անկախությունն ապահովելը, մասնավորապես նշելով, որ դատական իշխանության անկախության ապահովման կարևորության մասին բազմիցս արտահայտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
«Դատավորների միությանը հայտնի է դարձել, որ վերջին օրերին հասարակության որոշ անդամներ կոպտորեն ոտնահարում են դատավորների անկախության սկզբունքը՝ իրենց թույլ տալով դատավորների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակային արտահայտություններ: Ոմանք անգամ սոցիալական կայքերի կամ կապի այլ միջոցներով դատավորներին անմիջականորեն հասցեագրում են սպառնալիքներ ու վիրավորանքներ, դատավորներից պահանջում են պարզաբանումներ ներկայացնել կայացված դատական ակտերի վերաբերյալ: Վերջին շրջանում դատավորների հասցեին հնչող ատելության խոսքը հատել է միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված թույլատրելիության սահմանները», - ասված է հայտարարությունում:
Դատավորների միությունը «հորդորում է Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմիններին, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին դրսևորել իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ և ձեռնպահ մնալ դատավորներից հրապարակային պարզաբանումներ պահանջելուց, նրանց վրա ցանկացած եղանակով ճնշում գործադրելուց, դատավորների հեղինակությունն արատավորող, դատավորներին վիրավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց՝ նկատի ունենալով, որ նշված վարքագիծը վնաս է պատճառում ոչ միայն տվյալ դատավորի հեղինակությանը, կոնկրետ գործի արդար դատաքննությանը, այլ ընդհանրապես ողջ դատական իշխանության անկախությանն ու իրավական պետության հետագա գոյությանը»: