Մատչելիության հղումներ

Մոսկվայում փորձում են հասկանալ Սիրիայից ամերիկացիների դուրս գալու պատճառը


ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփ և Ռեջեփ Էրդողան, արխիվ
ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփ և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում դեռ վերլուծում են Սիրիայից զորքը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

«Փորձում ենք հասկանալ դուրս գալու պատճառը, այս հանելուկը դեռ պետք է լուծել», - РИА "Новости" լրատվական գործակալությանն ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իգոր Ցարիկովը:

Նա նշել է, որ Մոսկվան ի սկզբանե ապօրինի է համարել Պենտագոնի ներկայությունը Սիրիայում և իր դիրքորոշումն այսօր էլ չի փոխել, քանի որ ամերիկացիները նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունից հրավեր չէին ստացել:

«Միաժամանակ, մենք պետք է հասկանանք, թե ինչն է ստիպել Վաշինգտոնին հայտարարել Սիրիայից զինծառայողներին դուրս բերելու մասին, ոչ մի բան հայտնի չէ այդ դուրսբերման պարամետրերի և ամերիկացիների ծրագրած իրական քայլերի մասին», - ասել է Ցարիկովը:

Նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին է հաղորդել Սիրիայից զորքը դուրս բերելու մասին: 2 հազար զինծառայողները Սիրիայից կհեռանան երեք ամսվա ընթացքում: Ամերիկացի վերլուծաբանների փոխանցմամբ՝ Թրամփը մոտ երկու տարի շարունակ մշակել է այդ որոշումը, որի մասին Թվիթերով է հաղորդել:

ԱՄՆ զինծառայողները պարեկություն են անում Մանբիջում, Սիրիա, արխիվ, 1 նոյեմբերի, 2018թ.
ԱՄՆ զինծառայողները պարեկություն են անում Մանբիջում, Սիրիա, արխիվ, 1 նոյեմբերի, 2018թ.

Նա գրել է, թե հիմնական նպատակն էր պարտության մատնել «Իսլամական պետություն» շարժման ջոկատներին, և դա արդեն իրականացվել է:

Թրամփն «Իսլամական պետության» վերջնական ջախջախումը որոշել է վստահել Թուրքիային և այդ հարցը հեռախոսով քննարկել է իր թուրք պաշտոնակցի հետ:

«Պարոն Թրամփն ինձ հարցրեց՝ դու կարո՞ղ ես այդ տարածքը մաքրել «Իսլամական պետություն»-ից: Ես ասացի, որ մենք առանց այն էլ դրանով էինք զբաղված և կշարունակենք դա անել, եթե լինի ձեր կողմից անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Ռեջեփ Էրդողանը և անդրադարձել բուն դուրսբերման թեմային: «Արդյո՞ք ամերիկացիների դուրսբերումն արդեն մեկնարկել է: Այո, և հիմա մեր խնդիրն է առողջ վիճակում պահել մեր դիվանագիտական հարաբերությունները», - ասել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը վերջերս հրաժարական է ներկայացրել: Դիմումի պատճառներից մեկը Մաթիսի անհամաձայնությունն էր Սիրիայից զորքը դուրս բերելու և մրցակից գերտերություններ Չինաստանի ու Ռուսաստանի նկատմամբ հարկ եղած չափով կոշտ քաղաքականություն չիրականացնելու հանգամանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG